Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը դատարանի որոշումից հետո չի լքել Հովհաննավանքը․ ԶԼՄ

Կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ) շարունակում է մնալ Հովհաննավանքում այն բանից հետո, երբ դատարանը կարճել է նրա հայցով վարույթը և վերացրել հայցի ապահովման միջոցները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է վանքի քահանա Տեր Սարգիսը։

Քահանայի խոսքով՝ ոստիկանությունը շարունակում է հսկողությունը վանքի տարածքում։

«Իհարկե, նա չի ազատել վանքը, ոստիկաններն էլ 24-ժամյա հսկողության ներքո են պահում իրեն», — ասել է Տեր Սարգիսը։

Նա հայտնել է, որ եկեղեցու ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել փաստաբանների հետ՝ գնահատելու վճռի իրավական հետևանքները և որոշելու հետագա քայլերը։ Քահանան չի բացառել, որ Ասատրյանը որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան։

«Մենք պատրաստվում ենք հանդիպել փաստաբանների հետ, որպեսզի հասկանանք այս վճռի հետևանքները, հասկանանք, թե այս վճիռն ինչ է մեզ տալիս», — ասել է նա։

Տեր Սարգիսը հիշեցրել է, որ Մայր Աթոռը ևս դատարան է դիմել՝ պահանջելով ազատել Հովհաննավանքը և Մայր Աթոռին պատկանող բնակելի տարածքները։ Այդ հայցով վճիռ դեռ չի կայացվել։

Ավելի վաղ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել էր կարգալույծ արված հոգևորականներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) գործերով վարույթը։ Դատարանը եզրակացրել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ նրանց կարգալույծ անելու որոշումների օրինականությունը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Դատարանը վերացրել էր նաև նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնք դատավարության ընթացքում Ասատրյանին թույլ էին տալիս կատարել Հովհաննավանքի հոգևոր հովվի պարտականությունները, իսկ Թահմազյանին՝ նույնանման պարտականություններ Թալինի եկեղեցում։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2025 թվականի հոկտեմբերին կարգալույծ էր արել Ասատրյանին։ Նախկին հոգևորականը չէր ընդունել այդ որոշումը և շարունակել էր արարողություններ կատարել Հովհաննավանքում։

Փետրվարին դատարանը Հայ առաքելական եկեղեցուն պարտավորեցրել էր դատավարության ընթացքում Ասատրյանին հնարավորություն տալ վանքում կատարելու իր պարտականությունները։ Նույնանման միջոցներ կիրառվել էին նաև Թահմազյանի նկատմամբ։

Հուլիսին Վարչական դատարանը Հովհաննավանքի գործով ոչ իրավաչափ էր ճանաչել ոստիկանության անգործությունը։ Ինչպես հայտնել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, եկեղեցին պահանջում էր թույլ չտալ Ասատրյանին մուտք գործել խորան և վանքի այլ տարածքներ, ինչպես նաև այնտեղ կրոնական ծեսեր կատարել։

Leave a Comment