Ստեփանավանում քրեական հետապնդումը քաղաքական է․ Գևորգյանի փաստաբաններ

 

Ստեփանավանի համայնքապետի կալանավորված թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը նրա և ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական է անվանել։

Պաշտպանական կողմը պնդել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) տարածված տեսանյութում երևացող գումարները կապ չունեն ընտրակաշառքի հետ։

Ըստ փաստաբանների հայտարարության՝ իշխանական շրջանակները փորձում են այլ կերպ ներկայացնել իրականությունը՝ ցույց տալով, թե, իբր, ընտրակաշառք է բաժանվել։ 

«Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ-ները, միմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ նույն հրապարակված տեսանյութի մեջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ»,- հայտարարել է փաստաբանական թիմը։

Պաշտպանության կողմի պնդմամբ՝ տեսանյութերում երևացող գումարները նախատեսված էին նախընտրական ծախսերի համար, որոնք, ըստ փաստաբանների, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ չեն կատարվում նախընտրական հիմնադրամից։

Փաստաբանները հայտարարել են, որ գումարները փոխանցվել են, ըստ էության, նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների միջև։ Նրանց խոսքով՝ գումար ստացած անձանցից շատերը Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուներ են։

«Առնվազն անտրամաբանական է միևնույն ուժի ներկայացուցիչների կողմից միմյանց ընտրակաշառք տալը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանական թիմը նաև քննադատել է քրեական վարույթի շրջանակում կալանքների կիրառումը՝ պնդելով, որ իրավապահները չեն դիտարկում այլ խափանման միջոցներ։

«Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները, հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը»,- հայտարարել են փաստաբանները։

Փաստաբանական թիմից նաև տեղեկացրել են, որ ՀԿԿ-ն հոկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ։ Քննչական մարմնի վարկածով՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններին ընդառաջ մի քանի տասնյակ ընտրողների ենթադրյալ ընտրակաշառք է տրվել՝ ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Գևորգյանին երկու ամսով կալանավորել էին, ևս 13 անձի ձերբակալել խուզարկություններից հետո։ 

Փաստաբանական թիմը հերքում է գումարների՝ ընտրակաշառք լինելու վարկածը և պնդում, որ քրեական հետապնդումն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի խախտմամբ։ 

Ստեփանավանի ավագանու ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։

Կարդացեք նաև՝ 

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանում ձերբակալությունները քաղաքական հետապնդում է որակել

Leave a Comment