Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու քահանայի հայցերով վարույթները

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե քահանա Թախմազյան) հայցերով քաղաքացիական գործերի վարույթները, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրենց կարգալույծ հռչակելու որոշումները և վերականգնել նախկին պաշտոններում։

Դատարանը երկու գործով էլ եզրահանգել է, որ վեճերը ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով։

Ասատրյանը վիճարկել էր Կաթողիկոսի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ պահանջելով նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Նրա գործը քննած դատավոր Սիմա Աբովյանը եզրահանգել է, որ վեճը վերաբերում է կրոնական կազմակերպության ներքին հարաբերություններին և ենթակա չէ լուծման քաղաքացիական դատավարության կարգով։

Թախմազյանը պահանջել էր անվավեր ճանաչել Կաթողիկոսի՝ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Դատարանը նրա հայցով ևս նույն հիմքով կարճել է գործի վարույթը։

Դատարանը որոշել է նաև վերացնել փետրվարի 13-ին կիրառված հայցերի ապահովման միջոցները՝ վարույթները կարճելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Ավելի վաղ դատարանը հայցերի ապահովման շրջանակում պարտավորեցրել էր Հայ առաքելական եկեղեցուն ապահովել Ասատրյանի և Թախմազյանի պաշտոնավարումը՝ որպես հոգևոր հովիվներ։

Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին։ Մայր Աթոռը որոշումը հիմնավորել էր նրա հրապարակային հայտարարություններով, եկեղեցական կարգապահության և հնազանդության ուխտի խախտումներով։

Մայր Աթոռը փետրվարին Թախմազյանի վերաբերյալ նաև առանձին հայց էր ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրա բանալիները։ Այդ հայցը տարբերվում է այժմ կարճված գործից։

Leave a Comment