ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության հարցով հնարավոր է որոշում կայացնեն

ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության հարցով հնարավոր է որոշում կայացնեն

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ. հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հարցը կարող է քննարկվել առաջիկա նիստում, եթե այն ներառվի օրակարգում։

«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կա՛մ նախագահող երկիրը, կա՛մ մեկ այլ պետություն՝ Հավաքական անվտանգության խորհրդի անդամ պետության ղեկավարը»,- նշել է Մասադիկովը։

Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին՝ նշելով, որ անդամավճարների չվճարման և քվոտային պաշտոնները չզբաղեցնելու դեպքում պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից։

Մասադիկովի խոսքով՝ Հայաստանը չի մասնակցում կազմակերպության քննարկումներին, սակայն հայկական ներկայացուցիչը շարունակում է շաբաթական մասնակցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկայացված են անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները։

«Հայաստանի ներկայացուցիչը լսում է, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում, ինչպես նաև քննարկվող հարցերն ու հնարավոր որոշումները, և, հավանաբար, այդ մասին զեկուցում է Երևանին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Leave a Comment