Փաշինյանը ԵԱՏՄ-ում հարաբերությունները մարտահրավեր է անվանել – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հարաբերությունները ընթացիկ շրջանի մարտահրավեր է անվանել։ Հայտարարությունը հնչել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների մասին զեկույցի հրապարակումից հետո։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

«Հիմա ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում, իհարկե, կաշխատենք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի պահպանմանը և Հայաստանի ինքնիշխանության ու անկախության ամրապնդմանը։ Փաշինյանը պնդել է, որ այս խնդիրները ոչ միայն համատեղելի են, այլև փոխկապակցված։

Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի բազմազանեցման գործընթացը շարունակվում է։ Նրա գնահատմամբ՝ առկա տվյալները հիմք են տալիս ակնկալելու, որ առաջիկայում այդ գործընթացն ավելի կխորանա։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած և հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 15,6%-ով (մոտ 4,6 մլրդ դոլար), ապրանքների և ծառայությունների արտահանումը՝ 41,6%-ով (մոտ 6 մլրդ դոլար), իսկ ռուսական գազի ներմուծման գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից կարող է բարձրանալ մինչև 300 դոլար՝ շուրջ 69%-ով։

Նիստում Փաշինյանը հայտնել է նաև աշխատատեղերի նոր ռեկորդի մասին։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի թիվն օգոստոսի համեմատ աճել է շուրջ 15 հազարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 39 751-ով կամ 4,9%-ով։ 2017 թվականի սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է 311 480-ով։

Վարչապետի խոսքով՝ միջին աշխատավարձը 2025 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 28 418 դրամով (մոտ 79 դոլար) կամ շուրջ 7%-ով, իսկ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 53%-ով։ Գնաճային միտումները Փաշինյանը կապել է համաշխարհային տնտեսական գործընթացների հետ և հայտարարել, որ կառավարությունը պետք է շարունակի «աշխատանքով բարեկեցության հասնելու» ռազմավարությունը։

Leave a Comment