Փաշինյանը ԵԱՏՄ զեկույցի մասին առարկություններ պատրաստելու հանձնարարական է տվել․ ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին զեկույցի հրապարակումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարել է շտապ առարկություններ պատրաստել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ իշխանությունները մտահոգված են զեկույցով։ Պարբերականի աղբյուրները նաև պնդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով։

Ըստ թերթի՝ Փաշինյանը փորձում է խուսափել այդ հանրաքվեից, իսկ իշխանական շրջանակներում մտավախություն կա, որ դրա արդյունքները Մոսկվան կարող է օգտագործել Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար։

Զեկույցում գնահատվել են Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։ Հեղինակների հաշվարկներով՝ այդ դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 15,6%-ով, արտահանումը՝ 41,6%-ով, իսկ ռուսական գազի ներմուծման գինը՝ աճել շուրջ 69%-ով։

 

Leave a Comment