COP17-ի կազմակերպման համար առաջարկվում է հատկացնել ևս 1,7 մլրդ դրամ – armeniatoday.am

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 1,696 մլրդ դրամ հատկացնել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպմանը։ Գումարը նախատեսված է համաժողովի «Կապույտ գոտու» կազմակերպչական ծառայությունների համար, ասվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Ծառայությունները մատուցում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որի հետ կնքվել է շրջանակային պայմանագիր։ Ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար կողմերը կնքում են առանձին համաձայնագրեր։ Ֆինանսավորման ներկայացված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 695 մլն 658 հազար 400 դրամ։

Կատարողին նախատեսվում է վճարել համաձայնագրերի արժեքի 90%-ը՝ որպես կանխավճար, իսկ մնացած 10%-ը՝ հաշվետվությունից հետո։ Նախարարությունը շրջանակային պայմանագրի կիրառումը հիմնավորում է ծախսերը նախապես հաշվարկելու անհնարինությամբ։

Կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ թույլատրել է COP17-ի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով։ Նախարարության փոխանցմամբ՝ պահանջվող գումարը ներառված է այդ թույլտվությամբ նախատեսված ծախսերում։

Լրացուցիչ գումարը նախատեսվում է հատկացնել կառավարության՝ 2026 թվականի հուլիսի 2-ի, օգոստոսի 13-ի և հոկտեմբերի 8-ի երկու որոշումներով տրամադրված միջոցներից բացի։ Նախորդ հատկացումների ընդհանուր չափը ներկայացված հիմնավորման մեջ նշված չէ։

Leave a Comment