Մատենադարանի համար արժեքավոր ձեռագրեր ձեռք կբերվեն

Մատենադարանի համար արժեքավոր ձեռագրեր ձեռք կբերվեն

Կառավարությունը 148.5 միլիոն դրամ կհատկացնի Մատենադարանի համար արժեքավոր ձեռագրեր ձեռք բերելու նպատակով
ՀՀ կառավարությունը նախատեսում է պահուստային ֆոնդից 148 միլիոն 500 հազար դրամ հատկացնել Մատենադարանի համար պատմամշակութային և գիտական բացառիկ արժեք ունեցող երկու հայկական ձեռագրերի ձեռքբերմանը։

Խոսքը 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թվականին Նոր Ջուղայում Ազարիա գրիչի ընդօրինակած ու ծաղկած Ավետարանի մասին է։

Ձեռագրերը Հյուգո Վեցչերեկին պատկանող հավաքածուի մասն են։ Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի օգոստոսի 20–23-ը Վիեննայում բանակցություններ է վարել սեփականատիրոջ հետ։ Արդյունքում հավաքածուի բոլոր հինգ ձեռագրերը ձեռք բերելու նախնական՝ 600 հազար եվրոյի առաջարկը նվազեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ առքուվաճառքի հետ կապված հարկերն ու այլ վճարները։ Պայմանավորվածությամբ՝ Մատենադարանին առնվազն վեց ամսով կտրամադրվի առաջնահերթ գնորդի կարգավիճակ։

Առաջին ձեռագիրը՝ 1353 թվականի ժողովածուն, գնահատվել է 250 հազար եվրո։ Այն պարունակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի գրիչն ու ծաղկողը Սարգիս Պիծակն է՝ կիլիկյան մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Այն նրա ուշ շրջանի գործերից է, և հայտնի չէ 1353 թվականից հետո նրա ընդօրինակած ու ծաղկած որևէ այլ մատյան։

Ժողովածուն առանձնահատուկ արժեք ունի նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակի շնորհիվ։ Դրա և ձեռագրի միասնական պահպանումը հնարավորություն կտա ուսումնասիրելու հարթաքանդակի ծագումը, թվագրումն ու նշանակությունը, ինչպես նաև միջնադարյան ձեռագրական և կիրառական արվեստների կապերը։ Մատենադարանում պահվում է նաև Էջմիածնի Ավետարանը՝ իր հայտնի փղոսկրե կազմատախտակներով, ինչը հնարավորություն կտա համեմատական ուսումնասիրության ենթարկել հայկական ձեռագրերի հետ առնչվող փղոսկրե արվեստի նմուշները։

Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Նոր Ջուղայում Ազարիայի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է՝ գնահատված 95 հազար եվրո։ Այն աչքի է ընկնում հարուստ մանրանկարչությամբ, աստվածաշնչյան տեսարաններով, զարդատառերով և գունեղ լուսանցազարդերով։ Ավետարանը համարվում է Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի լավագույն նմուշներից մեկը։

Հավաքածուի մյուս երեք ձեռագրերն են՝ 1586 թվականին Երուսաղեմում ընդօրինակված Մաշտոց ձեռացը, 17-րդ դարի Ավետարանի մեկ թերթից բաղկացած պատառիկը և 17–18-րդ դարերի Ավետարանը, որի գրչության հավանական վայրը Կոստանդնուպոլիսն է։

«Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում Մատենադարանը նախատեսում է կազմակերպել համահայկական դրամահավաք՝ բոլոր հինգ ձեռագրերը ձեռք բերելու համար։ Կառավարության աջակցությունը կնպաստի երկու բացառիկ մատյանների ձեռքբերմանն ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձնելուն՝ միաժամանակ խթանելով հանրային և մասնավոր մասնակցությունը հայկական ձեռագրական ժառանգության վերադարձի գործընթացին։

Leave a Comment