Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման դեպքում երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կարող է կրճատվել 15,6%-ով (մոտ 4,6 մլրդ դոլար), հետևում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցից, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։
Ըստ զեկույցի՝ ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանումը կնվազի 41,6%-ով (մոտ 6 մլրդ դոլարով)։ Հայաստանի ընդհանուր ներմուծումը կարող է կրճատվել 27,1%-ով (4,8 մլրդ դոլար), իսկ սպառումը՝ 14,6%-ով (3,5 մլրդ դոլար)։ Գնաճը բազային սցենարի համեմատ կարող է բարձրանալ 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ իջնել 14,6%-ով (մոտ 3,5 մլրդ դոլար)։
Նշվում է, որ անդամակցության կասեցումը կանդրադառնա նաև երրորդ երկրների հետ Հայաստանի առևտրին, Հայաստանը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում երրորդ երկրների հետ կնքված ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմանները։
Առևտրի հնարավոր կորուստները
ԵԱՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանումը, ըստ զեկույցի, կարող է կրճատվել 65,8%-ով՝ 3,17 մլրդ դոլարից մինչև 1,084 մլրդ դոլար։ Ավանդական հայկական ապրանքների արտահանման հնարավոր անկումը գնահատվում է միջինում 39,6%, իսկ առևտրատրանսպորտային հոսքերի հետ կապված ապրանքներինը՝ 91,6%։
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև, ըստ զեկույցի, ապրանքաշրջանառությունը կարող է 7,99 մլրդ դոլարից նվազել մինչև 3,55 մլրդ դոլար՝ 55,6%-ով։ Միության երկրներից Հայաստան ապրանքների ներմուծումը կարող է կրճատվել 48,8%-ով՝ 4,82 մլրդ դոլարից մինչև 2,47 մլրդ դոլար։ Ավանդական ապրանքների` շիննյութերի, թեթև արդյունաբերության ապրանքների, մեքենաների, էլեկտրոնիկայի ներմուծման հնարավոր անկումն առանձին գնահատվում է միջինում 26,8%։
Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ծառայությունների արտահանումը կազմել է 1,295 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 787,6 մլն դոլար։ Անդամակցության հնարավոր կասեցման դեպքում ծառայությունների արտահանումը կարող է նվազել 41,7%-ով՝ մինչև 754,6 մլն դոլար, իսկ ընդհանուր շրջանառությունը՝ 37,7%-ով։
Գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով
Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստան մատակարարվող գազի գինը կարող է 1000 խմ-ի դիմաց ներկայիս բազային 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Դա շուրջ 69% աճ է։
Զեկույցի համաձայն՝ այս սցենարի դեպքում գազի ներմուծման արժեքը 389 մլն դոլարից կարող է հասնել 657,5 մլն դոլարի։ Հեղինակները պարզաբանել են, որ 300 դոլարը հաշվարկային ցուցանիշ է, իսկ իրական պայմանագրային գինը, կախված համաշխարհային շուկայի իրավիճակից, կարող է ավելի բարձր լինել․ խոսքը գազի ներմուծման հաշվարկային գնի մասին է, ոչ թե Հայաստանի սպառողների համար արդեն հաստատված սակագնի փոփոխության։
Աշխատանքային միգրանտներն ու դրամական փոխանցումները
Անդամակցության հնարավոր կասեցումը, ըստ զեկույցի, կարող է ազդել ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիների վրա։ Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականին միության մյուս երկրներում աշխատել է Հայաստանի 126 հազար 900 քաղաքացի, որոնցից 124 հազար 600-ը՝ Ռուսաստանում։
Զեկույցի հեղինակները հնարավոր են համարում Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքի թույլտվությունների կամ արտոնագրերի պահանջների և քվոտային սահմանափակումների վերականգնումը։ Կարող է դադարել նաև ԵԱՏՄ պայմանագրով աշխատողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված բժշկական օգնության ու սոցիալական ապահովության հատուկ ռեժիմի կիրառումը։
ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումները, ըստ հաշվարկների, կարող են 3,9535 մլրդ դոլարից նվազել մինչև 1,85 մլրդ դոլար։ Ռուսաստանից փոխանցումների հնարավոր կրճատումը գնահատվում է 3,8783 մլրդ դոլարից մինչև 1,806 մլրդ դոլար։
Մաքսային և տրանսպորտային սահմանափակումներ
Զեկույցում նշվում է, որ անդամակցության կասեցման դեպքում կարող են վերականգնվել Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների պարտադիր մաքսային հայտարարագրումն ու վերահսկողությունը։ Հայկական արտադրանքի նկատմամբ կարող են կիրառվել երրորդ երկրների համար նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական վերահսկողության պահանջները։
Տրանսպորտի ոլորտում հնարավոր հետևանքների թվում նշվում են ավտոմոբիլային փոխադրումների գործող արտոնյալ պայմանների դադարեցումը և երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացումը։
Հայկական ապրանքներն ու ծառայությունները կարող են կորցնել ԵԱՏՄ մյուս երկրների պետական գնումներին ազգային ռեժիմով մասնակցելու հնարավորությունը։ Զեկույցի համաձայն՝ կարող է կրճատվել նաև արդյունաբերական և ագրոարդյունաբերական համագործակցությունը, իսկ Հայաստանում իրականացվող նախագծերին ԵԱՏՄ բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի քննարկումը՝ կասեցվել։
Հայաստանի նկատմամբ կարող է դադարեցվել նաև ԵԱՏՄ-ի՝ երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի արտոնյալ ռեժիմի կիրառումը։ Զեկույցում հիշատակվում են Իրանը, Վիետնամը, Սերբիան, Մոնղոլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Բացի այդ, կարող են դադարեցվել Հայաստանի մասնակցությամբ ներմուծման մաքսատուրքերի և առանձին պաշտպանական տուրքերի բաշխումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունը։
Ինչ հետևանքներ են կանխատեսվում ԵԱՏՄ մյուս երկրների համար
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանի անդամակցության կասեցումը ԵԱՏՄ մյուս երկրների տնտեսությունների վրա էական ազդեցություն չի ունենա։ Յուրաքանչյուր երկրի ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման ուղղակի նվազումը գնահատվում է 1%-ից պակաս։
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը շահագրգռված չեն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով։ Միաժամանակ հեղինակները հնարավոր են համարում Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության ժամանակավոր կասեցման վերաբերյալ չորս երկրի համատեղ որոշման քննարկումը՝ հղում անելով միջազգային իրավունքի նորմերին և Վիեննայի կոնվենցիային։
Ըստ զեկույցի՝ նման ռեժիմը կարող է գործել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ին մասնակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը (ԵՄ) միանալու հարցով հանրաքվեի անցկացումը։
Զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության շրջանակում։ Չորս երկրի կառավարությունների ղեկավարների ստորագրած դիմումը՝ զեկույցի հետ, հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին փոխանցելու նպատակով։
Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 25-ին ընդունել էր Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որն ապրիլի 4-ին ստորագրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անմիջական անդամակցություն ԵՄ-ին։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը 2026 թվականի մայիսին զգուշացրել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գործող տնտեսական արտոնությունները։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է անդրադառնալ նաև գազի և էլեկտրաէներգիայի գներին։
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը պետք է կատարի Հայաստանի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ հանրաքվեի հարցը նպատակահարմար է քննարկել ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու փուլում։
Օվերչուկը հունիսի 4-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ պայմանագրով Հայաստանի անդամակցության ժամանակավոր կասեցման մեխանիզմ նախատեսված չէ։ Նա հայտնել էր, որ միության երկրները կուսումնասիրեն Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքները։
