Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում ուղիղ իր պարտականությունները կատարելու համար, որովհետև երկրի նախագահն այդ ժամանակահատվածում չէր կարող կառավարության որոշումները չբավարարել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը բոլոր համապատասխան մարմիններով շրջանառում է տվյալ որոշումը, բոլորը տալիս են իրենց կարծիքը, և միայն դրանից հետո է այն ընդունվում։
Պատգամավորն անդրադարձել է «Կասկադ» համալիրի տարածքի հետ կապված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դրանք որևէ առնչություն չունեն երկրորդ նախագահի ընտանիքի հետ։
Խոսելով ներկայիս իշխանությունների գործողությունների մասին՝ պատգամավորը զուգահեռներ է անցկացրել Կասկադի աջակողմյան հատվածում իրականացվող գործարքի հետ։
«Նույն Կասկադի աջ կողմում Կառավարությունն իր որոշմամբ 110,000 քառակուսի մետր հողատարածքի վրա տալիս է շինթույլտվություն՝ պատճառաբանելով, թե Կասկադն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շուրջ 50–55 միլիոն դոլար (20 միլիարդ դրամ)։ Ութ տարվա ընթացքում 8 միլիարդ դոլարի պարտք ներգրաված իշխանությունը հայտարարում է, թե այդ գումարը չունի, և տարածքը հանձնում է մասնավորին»,- նշել է պատգամավորը։