Ավստրիական Austrian Airlines ավիաընկերության Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռը հոկտեմբերի 18-ին ռումբի մասին սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բուլղարիայի տրանսպորտի նախարարությանը։
Airbus A320 ինքնաթիռում գտնվել են 51 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վայրէջքից հետո նրանց տարհանել են, իսկ անվտանգության ծառայությունները ստուգել են օդանավը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Բուլղարիայի ռազմաօդային ուժերը ՄիԳ-29 կործանիչ են օդ բարձրացրել՝ ինքնաթիռն ուղեկցելու համար։ Օդանավը դեպի Սոֆիա է ուղղվել Ռումինիայի օդային տարածքում գտնվելու ժամանակ և վայրէջք կատարել տագնապի ազդանշանից մոտ 30 րոպե անց։
Austrian Airlines-ը հաստատել է սպառնալիքի մասին տեղեկությունը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Բուլղարիայի իշխանությունները միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել։ Ռումբի հայտնաբերման մասին տեղեկություն չի ներկայացվել։
