ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմում հաղթող կողմ չկա, և Վաշինգտոնը կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունը դադարեցնելու հնարավորություններ գտնելու համար։
«Ուկրաինայի պատերազմում ոչ ոք չի հաղթում։ Ամեն օր մարդիկ են զոհվում, ամեն օր պայթյուններ են տեղի ունենում, և ամեն օր ավերածություններ են լինում»,- նշել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 օրով կասեցրել է պատժամիջոցների կիրառումը՝ փորձելով պարզել, թե արդյոք հնարավոր է առաջընթաց գրանցել այս պահին ընթացող բանակցություններում։
Լրագրողի հարցին, թե ինչ ապացույցներ կան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղ բանակցությունների, Ռուբիոն պատասխանել է, որ դիվանագիտությունը քրեական գործ չէ, և բանակցային գործընթացում անհրաժեշտ է շարունակել ջանքերը։
Ռուբիոն անդրադարձել է նաև Ուկրաինայի վաղ նախազգուշացման համակարգի հետ կապված տեխնիկական խնդրին։ Նրա խոսքով՝ մի քանի գիշեր առաջ համակարգում ծրագրային ապահովման խնդիր է առաջացել, և ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) ուսումնասիրում է միջադեպը։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է մեկնաբանել նախորդ գիշեր տեղի ունեցածը։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաև, որ Ուկրաինայի պատերազմին հանգեցրած և մինչ օրս պահպանվող խորքային խնդիրները հեշտ լուծելի չեն, սակայն Վաշինգտոնը շարունակելու է փորձել հասնել հակամարտության ավարտին։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, թե ԱՄՆ-ն շաբաթվա սկզբին ժամանակավորապես դադարեցրել էր հետախուզական տվյալների որոշակի փոխանակումը Կիևի հետ՝ Ռուբիոն հերքել է այդ տեղեկությունը։
«Չգիտեմ՝ որտեղից է նա ստանում այդ տեղեկությունները կամ ինչու է դրանք հայտնում մամուլին։ Որևէ դադար չի եղել»,- հայտարարել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ«Զելենսկին պետք է կենտրոնանա պատերազմի ավարտին հասնելու վրա»։
