Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը COP17-ի մասնակիցներին կոչ է արել ուշադրություն դարձնել արցախցիների բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին, ինչպես նաև նրանց՝ պատմական հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքին։ Այս մասին ասված է նրա ուղերձում։
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի պատվիրակներին ուղղված ուղերձում նա հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումը հանգեցրել է տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, ինչպես նաև համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերի խզմանը։
Բաղունցի խոսքով՝ ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառները, արոտավայրերը, սրբավայրերը և գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ, և դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։
Բաղունցը COP17-ի մասնակիցներին կոչ է արել ապահովել տեղահանված համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը, ինչպես նաև շարունակել կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված նրանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը միջազգային մեխանիզմների շրջանակում։
Նա ընդգծել է կենսաբազմազանության պահպանությունը մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների հետ անքակտելի կապի մեջ դիտարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ արցախցիների՝ պատմական հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-ին Երևանում ասուլիսի ժամանակ պատասխանել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին։ Նա աջակցություն էր հայտնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և հույս հայտնել, որ մնացած խնդիրները, որոնց կապակցությամբ, իր խոսքով, անկեղծ ցավում է, շուտով կկարգավորվեն։
COP17-ը հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը։ Դրա հիմնական խնդիրը 2022 թվականին ընդունված Կենսաբազմազանության Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման գնահատումն է։
