Երբ Վաշինգտոնի խոսքն այլևս լուրջ չի ընկալվում

Երբ Վաշինգտոնի խոսքն այլևս լուրջ չի ընկալվում

Թրամփի վարչակազմը փորձում է տպավորություն ստեղծել, թե պատժամիջոցները մեղմելով փորձում է Մոսկվային վերադարձնել բանակցությունների սեղան, բայց փոխարենը չի ստանում անգամ ուկրաինական էներգահամակարգը չթիրախավորելու պարտավորություն։

Սրանք պարզապես Դոնալդ Թրամփի և նրա քաղաքական թիմի հերթական անփույթ հայտարարությունները չեն։ Դրանք հիմա արդեն ուրվագծում են այն միտումը, որ աշխարհի ամենահզոր պետության պահանջներն այլևս չեն թելադրում նրա համար նախընտրելի միջազգային վարքագիծ։

Իրանի փակուղին․ ուժ կա, արդյունք՝ ոչ

Փետրվարին սկսված ամերիկա-իսրայելական պատերազմից ավելի քան յոթ ամիս անց Իրանը ծանր ռազմական ու տնտեսական կորուստներ ունի, բայց Վաշինգտոնը դեռ չի հասել իր ցանկալի քաղաքական հանգուցալուծմանը․ միջուկային թնջուկը լուծված չէ, Իրանն իրեն պարտված չի համարում, առավել ևս Իրանում իշխանափոխություն չկա։ Ավելին, Թեհրանը շարունակում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու կարողությունն օգտագործել որպես ԱՄՆ-ի նկատմամբ ճնշման լծակ։ Դրան ավելացել է իրանական պրոքսի համարվող հութիների կողմից էներգետիկ կոմունիկացիաների տեսանկյունից մեկ այլ զգայուն գոտում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի շուրջ լարվածության օջախի ստեղծումը, որը ԱՄՆ-ն հետևողականորեն փորձում է չնկատել։ Հետևանքները զգացվում են աշխարհով մեկ՝ նավթի գներից մինչև բեռնափոխադրումների ծախսերի էական ավելացում։

Բանը հասավ նրան, որ սեպտեմբերին հենց Իրանն առաջարկեց Հորմուզի նեղուցի վերաբացման և ռազմական գործողությունների դադարեցման պայմաններ։ Թրամփը մերժեց դրանք, ինչը փաստեց, որ Իրանը պայմաններ էր ներկայացրել եթե ոչ հաղթողի, առնվազն չպարտվողի դիրքերից։ Ընդհուպ՝ հոկտեմբերին Թեհրանն իր առաջարկներին ամերիկյան պատասխանը համարեց անբավարար։ Սա, իհարկե, Իրանի ռազմական հաղթանակի ապացույց չէ։ Բայց դժվար է ԱՄՆ-ի հաջողություն անվանել պատերազմը, որի ընթացքում հակառակորդը շարունակում է առաջադրել սեփական պայմանները և բարձրացնել համաձայնության գինը։

Ճնշումը փոխադարձ է դարձել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ու շրջափակմամբ հարվածում է Իրանի տնտեսությանը, մինչդեռ Թեհրանը վտանգի տակ է պահում էներգակիրների մատակարարումները՝ հարվածելով նաև ամերիկյան սպառողի գրպանին։ Եվ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններին ընդառաջ դա Թրամփի համար դարձել է ներքաղաքական այնպիսի լրջագույն խնդիր, որ իրավիճակը փրկելու համար Թրամփը հապճեպորեն հայացքն ուղղում է դեպի երկիր, որի նկատմամբ ընդամենը օրեր առաջ ինքն էր պատժամիջոցներ խստացնում․․․ Ռուսաստանը։

Դիզվառելիքի գործարք․ ո՞ւմ հաշվին է էժանանալու վառելիքը

Հոկտեմբերի 9-ին Թրամփը Պուտինի հետ հայտարարեց դիզվառելիքի մատակարարումների գործարք կնքելու մասին։ Վաշինգտոնը ժամանակավորապես թուլացրեց ռուսական վառելիքի նկատմամբ պատժամիջոցները՝ նպատակ ունենալով մեղմել գնային ճնշումը։ Աբսուրդն այն էր, որ այդ գործարքի քաղաքական գինը փորձում են գանձել․․․ Կիևից։

Axios-ի տեղեկություններով՝ Թրամփը բազմիցս պահանջել էր, որ Ուկրաինան դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը։ Զելենսկին առաջարկել էր փոխադարձության տարբերակը․ Ուկրաինան դադարեցնում է իր հարվածները, Ռուսաստանը՝ ուկրաինական էլեկտրակայանների ռմբակոծումը։ Վաշինգտոնը, սակայն, պահանջում էր միակողմանի դադար։

Այսինքն՝ ամերիկյան վառելիքի գինը նվազեցնելու համար Ուկրաինայից պահանջվում էր հրաժարվել Ռուսաստանի վրա իր ամենաարդյունավետ ճնշման միջոցից՝ պատերազմը սպասարկող ռուսական տնտեսությունը ծնկի բերելուն ուղղված հարվածներից՝ առանց համարժեք երաշխիքների։ Մոսկվային պատժամիջոցային արտոնություն տալուց հետո էլ Վաշինգտոնին չստացվեց Ուկրաինայի համար ապահովել այդ երաշխիքը։

Հոկտեմբերի 11-ին Թրամփն ազդարարեց «էներգետիկ հրադադար»։ Բայց Ռուսաստանը փաստացի անտեսեց այն և շարունակեց հարվածել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին։ Ուկրաինան երեք օրով դադարեցրեց հարձակումները ռուսական գործարանների դեմ, ապա հոկտեմբերի 15-ին, ի պատասխան իր էներգետիկ կառույցներին ռուսական հարվածների, հարվածեց Ռյազանի նավթավերամշակման գործարանին։ Թրամփը միակողմանի քննադատեց Կիևին, իսկ ավելի վաղ նույնիսկ կոչ էր արել փոխարինել Զելենսկուն Ուկրաինայի այնպիսի նոր ղեկավարով, որը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ գործարքի։

Այսինքն՝ պատկերը խոսուն է․ Վաշինգտոնը փորձում է սահմանել խաղի կանոններ, բայց դրանք չեն պահպանում ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը։

Ուժեղ պետություն, թուլացող դիրեկտիվներ

Սա չի նշանակում, թե ԱՄՆ-ն կորցրել է ռազմական, տնտեսական կամ տեխնոլոգիական գերազանցությունը։ Ուկրաինան շարունակում է կախված մնալ ամերիկյան օգնությունից, Իրանը շարունակում է ծանր գին վճարել դիմադրության համար։ Իսկ ԱՄՆ-ի դաշնակից համարվող Սաուդյան Արաբիան՝ Թուրքիայի և Պակիստանի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելով, դեռ շարունակում է ապավինել ամերիկյան ռազմական, տեխնոլոգիական աջակցությանը։

Բայց այս երեք տարբեր միջավայրերում էլ դրսևորվում է նույն միտումը․ ԱՄՆ-ի հակառակորդը՝ Իրանը, էսկալացիայով փորձում է փոխել բանակցությունների գինը, նրա գործընկերը՝ Ուկրաինան, մերժում է միակողմանի պահանջը, իսկ ավանդական դաշնակիցը՝ Սաուդյան Արաբիան, բոլոր դեպքերում լրացուցիչ անվտանգային հենարաններ է փնտրում․ այս ամենը վկայում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն, արտաքին քաղաքականությունը տեղափոխելով աշխարհի համար անկանխատեսելիության, գործարքային տրամաբանության և բացառապես սեփական շահերի սպասարկման ռելսերի վրա, վտանգի տակ է դրել իր միջազգային հեղինակությունը։

Խնդիրն այն է, որ հեղինակությունն այստեղ չափվում է ոչ միայն ռազմանավերով, հրթիռներով կամ պատժամիջոցներով։ Այն, մի կողմից, մյուսներին համոզելու կարողությունն է առ այն, որ Վաշինգտոնին հակադրվելը չափազանց թանկ կնստի, մյուս կողմից՝ թե՛ գործընկերների, թե՛ հակառակորդների համար կանխատեսելի լինելն է և այսրոպեական շահերով ու խուճապային, հակասական որոշումներով չառաջնորդվելը։ Նման պայմաններում նույնիսկ ամենաբարձր հնչեցված վերջնագրերն այլևս պարտադիր չեն կատարվում, առավել ևս՝ չեն հարգվում։

Թրամփի համար սա կարող է լինել անձամբ իր արտաքին քաղաքական հերթական անհաջողությունը, որը նա կփորձի հաղթահարել հերթական շոկային քայլով։ Բայց ԱՄՆ-ի համար խնդիրն ավելի խորն է ու վտանգավոր․ եթե նման դեպքերն օրինաչափ դառնան, նրան այլևս չեն տարբերի ո՛չ Հյուսիսային Կորեայից և ո՛չ էլ Ռուսաստանից։ Վաշինգտոնը ստիպված կլինի ավելի մեծ ճնշումների ու ավելի թանկ, հակասական ու էքսցենտրիկ գործարքների դիմել՝ ոչ միայն իր ուզածին հասնելու, այլև միջազգային ասպարեզում սեփական խոսքի կշիռը, հեղինակությունն ու ազդեցությունը պահպանելու համար։ Ու որքան դա շատ անի, այնքան կորուստները կարող են ավելի շատ լինել։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment