Նյու Յորքի Asia Society-ում հոկտեմբերի 23-25-ը կանցկացվի Our Century: Spiraling Paths Through Armenian Cinema ծրագիրը, որում ընդգրկված է տարբեր երկրների և ժամանակաշրջանների հայ ռեժիսորների հինգ ֆիլմ։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։
Ծրագիրը հոկտեմբերի 23-ին կբացի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը՝ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի գեղարվեստական կենսագրությունը։ 1966 թվականին այն դարձավ Կաննի կինոփառատոնում ցուցադրված առաջին հայկական ֆիլմը։ Հաջորդ օրը կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմը՝ լուսանկարչի մասին, որը Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց գալիս է հայկական եկեղեցիներ լուսանկարելու օրացույցի համար։ Դրանից առաջ կցուցադրվի Արբի Օվանեսյանի Lebbeus in the Name of Thaddeus կարճամետրաժ ֆիլմը։
Այնուհետև հանդիսատեսը կդիտի Last Station ֆիլմը՝ եգիպտահայ դերասաններ Նորա Արմանիի և Ժերար Փափազյանի մասին, որոնք մեկնում են Լոս Անջելես՝ ամերիկյան երազանքի որոնումներով։ Ծրագիրը հոկտեմբերի 25-ին կեզրափակի After Dreaming ֆիլմը՝ Քրիստին Հարությունյանի ռեժիսորական դեբյուտը հետպատերազմյան Հայաստանում ծառայող զինվորի մասին։
Ծրագրի համադրողը Սոնա Կարապողոսյանն է։ Ցուցադրություններն անցկացվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ ֆիլմերը միավորում են տան, հիշողության, ինքնության և աշխարհում սեփական տեղը գտնելու թեմաները։
Ցուցադրությունները տեղի կունենան 725 Park Avenue հասցեում, տոմսի արժեքը 15 դոլար է։
