Հայաստանի ընդերքի լրացուցիչ հնարավորությունները բացահայտելու համար անհրաժեշտ է այն վերահետազոտել միջազգային գործընկերների հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Mining Armenia Forum 2026-ի իր ելույթում։ Ելույթի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Պետք է առաջիկայում մեր միջազգային գործընկերների հետ վերահետազոտենք մեր ընդերքը՝ հասկանալու, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կան։ Իսկ որ այդ հնարավորությունները կան, ակնհայտ է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մետաղական հանքերին զուգահեռ հրատապ է նաև ոչ մետաղական հանքանյութերի ուսումնասիրության և շահագործման հարցը։ Նա հանքավայրերի շահագործումը համարել է տնտեսության զարգացման մեծ հնարավորություն՝ նշելով, որ Հայաստանում երկրաբանական հետազոտությունների նոր փուլ սկսելու անհրաժեշտությունն արդեն հասունացել է։
Վարչապետն անդրադարձել է նաև հանքարդյունաբերական ընկերությունների՝ ֆոնդային բորսաներում ցուցակման հնարավորությանը։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի ընկերությունների գործունեության թափանցիկությանը և Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա դառնալ բաժնետեր։
«Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկը։ Ես նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»,- նշել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ կառավարությունը մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում մասնաբաժին ունի, սակայն այդ որոշումները բնութագրել է որպես առանձին իրավիճակներից բխող քայլեր։ Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, իսկ կառավարությունն իր օրինակով կխթանի բաց բաժնետիրացման գործընթացը։
Փաշինյանը կարևորել է նաև հանքարդյունաբերության բնապահպանական չափանիշների բարձրացումը։ Նա նշել է, որ ֆորումը համընկել է Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հետ, ինչը լրացուցիչ առիթ է ոլորտի բնապահպանական խնդիրներին անդրադառնալու համար։ Վարչապետը բավարար չի համարել այս ուղղությամբ արդեն ձեռնարկված քայլերը։
Անդրադառնալով ֆորումի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Փաշինյանն ասել է, որ կառավարությունն ու հանքարդյունաբերության ոլորտը պետք է համատեղ մարմին ստեղծեն՝ որպես մշտական երկխոսության հարթակ։ Այն պետք է ամենօրյա աշխատանքով ուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ հաշվի առնելով ընկերությունների և կառավարության դիրքորոշումները։
Ֆորումի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հայտարարել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը։ Նրա գնահատմամբ՝ ոլորտի ներուժը դեռ թերագնահատված է։
«Ֆորումում հնչել են թվեր, որ բազմապատկիչ էֆեկտը հաշվի առնելով՝ 2027 թվականին ոլորտը կկազմի ՀՆԱ-ի 10-11%-ը։ Դա շատ է։ Եվ մենք պատրաստ ենք մեծացնել այդ թվերը»,- ասել է նա։
Խուդոլիի խոսքով՝ վերջին 5-8 տարիներին ընկերությունը զգում է, որ կառավարությունն ու պետությունը սկսել են այլ կերպ վերաբերվել ոլորտին։
Mining Armenia Forum 2026-ն անցկացվում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրով։ Այն կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Ֆորումը համախմբել է շուրջ 50 խոսնակի՝ հանքարդյունաբերական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
