Գյումրու Քըրք Քըրքորյանի փողոցը կբարեկարգվի՝ որպես նվեր քաղաքին․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրուն քաղաքի օրվա առթիվ․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ կբարեկարգվի միջազգային չափանիշներին համապատասխան, տոնական համերգից առաջ գյումրեցիներին շնորհավորելով հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։

Կարապետյանի խոսքով՝ Գյումրի ժամանող յուրաքանչյուր մարդ առաջինը հենց այդ փողոցով է անցնում, իսկ բարեկարգումից հետո այն կդառնա զբոսաշրջային ակտիվ գոտի։

«Երբ մենք նախընտրական շրջանում գալիս էինք, ասում էին՝ միշտ ընտրությունից առաջ են ուժերը գալիս։ Ընտրություններն անցել են, որևէ ընտրություն չկա, մենք եկել ենք մեր սիրած քաղաքի կողքին կանգնելու և քաղաքին լավ նվեր տալու համար»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև քննադատել է COP17-ի անցկացման համար կառավարության ծախսերը։ «Փոխանակ Գյումրիում լուծվի 1000 գյումրեցիների տնակների հարցը, մեր կառավարությունը 30 միլիոն դոլար այս պահին ծախսում է մի միջոցառման վրա՝ COP17 միջոցառման վրա։ Մենք հաշվել ենք, որ դա 1000 գյումրեցի ընտանիքի կապահովեր բնակարանով»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանի քաղաքներում կան անտուն և ժամանակավոր տնակներում ապրող մարդիկ, «մենք ճոխություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք»։

COP17-ի կազմակերպման համար «Մերիդիան Հոլդինգ» ընկերության հետ կնքված պայմանագիրը կազմում է գրեթե 11 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար), իսկ համաժողովի անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ հատկացվել է 18,5 մլրդ դրամ։

Բնակարանային խնդիրը Գյումրու համար ամենասուր խնդիրներից մեկն է մնում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր։ Տուժած ընտանիքների մի մասը մինչ օրս ապրում է ժամանակավոր տնակներում։

Leave a Comment