ԵՄ դիտորդները COP17-ին ընդառաջ ներկայացրել են սահմանամերձ շրջանների լուսանկարներ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMA) Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ներկայացրել է ավելի քան 40 լուսանկարից բաղկացած ցուցահանդես՝ նվիրված խաղաղության, անվտանգության և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը։

Լուսանկարներն արվել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր կանոնավոր պարեկային շրջայցերի և այցելությունների ընթացքում։ Ցուցադրությունում ներառվել են Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արված լուսանկարներ։

Դրանցում պատկերված են բնական լանդշաֆտներ, տեղի բնակիչներն ու նրանց առօրյան, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներն ու մեղվաբուծությունը։

Կազմակերպիչների կարծիքով՝ բնակչության անվտանգությունն ու բնական ռեսուրսների պահպանումը սերտորեն փոխկապակցված են։ Խաղաղությունն ու կայունությունը պայմաններ են ստեղծում տեղական համայնքների կայուն զարգացման և էկոհամակարգերի պաշտպանության համար, իսկ կենսաբազմազանության պահպանումը նպաստում է մարդկանց բարեկեցությանն ու անվտանգությանը։

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում գործում է 2023 թվականի փետրվարից։ Դրա խնդիրներից են Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի դիտարկումը, սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովմանը նպաստելը և վստահության ամրապնդումը։

2025 թվականի հունվարին ԵՄ-ն առաքելության մանդատը երկարաձգել էր մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ 2026 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր EUMA-ի նոր ղեկավար Սատու Կոյվուին։

Խաղաղության և տարածաշրջանային անվտանգության թեման դարձել է նաև COP17-ի միջոցառումների բաղադրիչներից մեկը։
Հոկտեմբերի 15-ին Փաշինյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու TRIPP նախագիծը։

Հաջորդ օրը Գուտերեշը ողջունել էր կենսաբազմազանության վերաբերյալ Երևանի հռչակագիրը՝ երկրներին կոչ անելով ստանձնած պարտավորություններից անցնել բնապահպանական կոնկրետ միջոցառումների իրականացմանը։

Հոկտեմբերի 16-ին «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում Փաշինյանը ներկայացրել էր Հայաստանի բնապահպանական քաղաքականության արդյունքները, այդ թվում՝ Սևանի ձկնային պաշարների վերականգնումն ու հազվագյուտ կենդանատեսակների պահպանման ծրագրերը։

Նա նաև ընդունել էր, որ շարունակում են չլուծված մնալ ապօրինի անտառահատումների, որսագողության, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքների հետ կապված խնդիրները։

Հոկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանն ու Կոլումբիան մեկնարկել էին անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների վերականգնման CARES միջազգային կոալիցիայի աշխատանքները։ Նախաձեռնությանը աջակցություն էր հայտնել դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն։

Զուգահեռաբար ստեղծված բարեգործական կազմակերպությունների դաշինքը պարտավորվել էր հինգ տարվա ընթացքում ավելի քան 500 մլն դոլար հատկացնել անհետացող տեսակների վերականգնման ծրագրերին։

COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնության պաշտպանության ոլորտում անբավարար առաջընթացի մասին նախազգուշացումների ֆոնին։

Հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ը Երևանում ներկայացրել էր զեկույց, ըստ որի՝ կենսաբազմազանության պահպանման ազգային նպատակների կեսից պակասն է իրականացվում սահմանված ժամանակացույցով։ Հոկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ կենսաբազմազանության պահպանման համաշխարհային ֆինանսավորումը տարեկան կազմում է 75-92 մլրդ դոլար, մինչդեռ միջազգային նպատակն է մինչև 2030 թվականը այն հասցնել 200 մլրդ դոլարի։

Համաժողովին ընդառաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր առաջնորդների գագաթնաժողովին ավելի քան 50 բարձրաստիճան մասնակցի գրանցման մասին՝ չհստակեցնելով Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցության հարցը։

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովը վավերացրել էր COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը։ Քննարկումն ուղեկցվել էր ընդդիմության քննադատությամբ՝ ծախսերի ոչ թափանցիկ լինելու վերաբերյալ։

Հոկտեմբերի 13-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պահանջել էր հրապարակել համաժողովի նախապատրաստման համար կնքված՝ գրեթե 11 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի մանրամասները։

COP17-ի հիմնական համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Մասնակիցները կգնահատեն մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը։

Leave a Comment