Զելենսկին Թրամփի կոկորդին է մնացել․ Արմեն Վարդանյան

Զելենսկին Թրամփի կոկորդին է մնացել․ Արմեն Վարդանյան

SpaceX-ը հոկտեմբերի 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը շարժման ընթացքում։ Սահմանափակումը վերաբերում է Starshield ռազմական ծառայությանը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախապես չեն զգուշացվել փոփոխության մասին, ինչի հետևանքով մի շարք մարտական առաջադրանքներ խափանվել են։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Այս սահմանափակումներն ինչպե՞ս կարող են ազդել Ուկրաինայի ռազմական հնարավորությունների և ռազմաճակատում իրավիճակի վրա։

-Միանշանակ լրջորեն կարող են ազդել Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների վրա, որովհետև Starlink-ը նաև շատ լուրջ գործիք է հետախուզական տվյալներ ձեռք բերելու համար։ Եվ այս քայլով, բնականաբար, Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունները զգալիորեն նվազում են ռազմադաշտում հաջողությունների հասնելու առումով։

-Իլոն Մասկի խոսքով՝ Starshield-ի կիրառման սահմանափակումները գտնվում են ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։ Այս իրավիճակն ի՞նչ է ցույց տալիս Թրամփի վերաբերմունքի մասին, քանի որ Զելենսկին ևս հայտարարել է, որ իրեն դավաճանված է զգում Թրամփի կողմից։

-Թրամփն ամեն կերպ փորձում է խաղաղության հասնել Ուկրաինայում, և հաճախ ավելի շատ Ուկրաինայի վրա է ճնշումներ գործադրում, քան Ռուսաստանի։ Առաջին անգամ չէ․ երբեմն զենքի մատակարարումներն է դադարեցնում, երբեմն՝ հետախուզական տվյալների տրամադրումը։ Հիմա էլ անցել է Starlink-ին և փորձում է ամեն գնով հասնել նրան, որ Զելենսկին զիջումների գնա, բայց հարցն այն է, որ այդպիսի զիջումները չպետք է միակողմանի լինեն։ Զելենսկին պատրաստ չէ գնալ միակողմանի զիջումների, եթե նաև Ռուսաստանի վրա լուրջ ճնշումներ չեն գործադրվում, որն որ անիրատեսական պահանջներ է դնում Ուկրաինայի առաջ, օրինակ՝ հրադադարի հաստատման համար պահանջում է, որ Ուկրաինան ամբողջովին իրեն զիջի Դոնեցկի մարզը, ինչին Զելենսկին պատրաստ չէ։ Եվ այստեղ փակուղային իրավիճակ է ստեղծվում, ու հրադադարի հասնելու հնարավորությունները լրջորեն փոքրանում են։

-Արդյո՞ք Starlink-ի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև քաղաքական ճնշման լրացուցիչ գործիք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։

-Այո, Թրամփը տարբեր ձևերով ցույց է տվել, որ Ուկրաինային և Զելենսկուն ճնշումների է ենթարկում․ նույնիսկ վերջերս պահանջում է, որ նախագահական ընտրություններ անցկացվեն Ուկրաինայում։ Զելենսկին հայտնի է իր անզիջում բնավորությամբ, հեշտ չէ նրան ճնշումների ենթարկելը, իսկ իր դաշնակիցների համար դժվար է նրան ճնշելը։ Եվ Զելենսկին, ընդհանուր առմամբ, Թրամփի կոկորդում է մնացել, եթե պատկերավոր ասենք, որովհետև որևէ կերպ նրան ճնշման չեն ենթարկում։ Հիշենք Սպիտակ տանը տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ հենց տեսախցիկների առջև Զելենսկին և Թրամփը միմյանց լուրջ մեղադրանքներ ներկայացրին ու լեզվակռվի մեջ մտան։ Այնպես որ, սա առաջին դեպքը չէ․ նրանց հարաբերությունները վաղուց լավ չեն։ Եվ Թրամփը փորձում է ավելի թույլ բնավորությամբ նախագահ տեսնել Ուկրաինայում։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment