Անկլավների և էքսկլավների հարցը լուծելու մոտեցումը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի տեսաուղերձում ներկայացրել էր որպես իր տեսլականը, իսկ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում մանրամասնել՝ խոսելով գյուղերի «տեղաշարժման» մասին, արտացոլում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Փաշինյանը առաջարկել էր հավասար մակերեսով տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի երկու կողմում անկլավներ և էքսկլավներ չմնան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովների շրջանակում անկլավների հարցը չի քննարկվել, և Ադրբեջանի հետ համաձայնություն չկա։
Թերթի տվյալներով՝ Ալիևն այդ պահանջը Փաշինյանին ներկայացրել է հոկտեմբերի 8-9-ին Թուրքմենստանում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, և կողմերը կանգ են առել հենց այս տարբերակի վրա։
Փաշինյանը ճեպազրույցում հնարավոր լուծումը բացատրել էր Արծվաշենի օրինակով՝ առաջարկելով փոխել գյուղի տարածքի տեղադիրքը և այն միացնել Հայաստանի հիմնական տարածքին, որպեսզի բնակավայր հասնելու համար անհրաժեշտ չլինի հատել Ադրբեջանի սահմանը։ Գեղարքունիքի մարզի հայկական էքսկլավ Արծվաշենը 1992 թվականից Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Վարչապետը միաժամանակ ընդգծել էր, որ ներկայացնում է հնարավոր քաղաքական լուծում, որի մանրամասները դեռ չեն համաձայնեցվել։ Նրա խոսքով՝ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա։
