Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի մասնակցությամբ կենդանատեսակների փրկության ծրագիրը

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի մասնակցությամբ անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների փրկության նախաձեռնության մեկնարկը։

Ինչպես հայտնել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը, հոկտեմբերի 16-ին Հայաստանն ու Կոլումբիան Երևանում մեկնարկել են «Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի» (CARES) աշխատանքները։

Նախաձեռնության հիմնադիր երկրների թվում են Հայաստանը, Բելիզը, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Ֆիջին, Մադագասկարը, Մեքսիկան, Պանաման, Պապուա Նոր Գվինեան, Պերուն, Միացյալ Թագավորությունը և Վանուատուն։

Դի Կապրիոն Instagram-ում կատարած գրառման մեջ նշել է, որ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ 17 երկիր միացել է նորաստեղծ «Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիային» (CARES)՝ պարտավորվելով ակտիվացնել տեսակների անհետացումը կանխելու ջանքերը և հասնել դրանց վերականգնման չափելի արդյունքների։

Դերասանը հայտնել է, որ CARES-ի ձևավորմանը զուգահեռ ինը բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իր ղեկավարած Re:wild-ը, ստեղծել են «Տեսակների վերականգնման դաշինքը» (Species Recovery Alliance)։

Այս նախաձեռնության շրջանակում նրանք պարտավորվել են հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 500 մլն դոլար հատկացնել ամբողջ աշխարհում այն տեսակների վերականգնմանն աջակցելու համար, որոնք դասակարգվում են որպես «վայրի բնության մեջ անհետացած», «անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող» կամ «անհետացման վտանգի տակ գտնվող»։

«Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել անհետացման առավել մեծ վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական համակարգված միջոցառումներ և երկարաժամկետ հանձնառություն»,- գրել է Դի Կապրիոն՝ շնորհավորելով նախաձեռնությունների հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովի հիմնական խնդիրը կլինի 2022 թվականին ընդունված Կենսաբազմազանության Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման գնահատումը։

Leave a Comment