Փեզեշքիանը կարևորել է Իրան-Հայաստան համագործակցության ռազմավարական ծրագրի մշակումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ծրագրի մշակումը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Հոկտեմբերի 16-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը Փեզեշքիանն ընդգծել է հանքարդյունաբերության, առևտրի, տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ ռազմավարական ծրագրի մշակումը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը, իսկ համագործակցության ընդլայնումը՝ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը վճռական է բոլոր ոլորտներում կապերն ընդլայնելու հարցում։ Նա կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը՝ հույս հայտնելով, որ արդեն ձեռնարկված քայլերը երկարաժամկետ և շոշափելի արդյունքներ կունենան։

Անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող մեկուսացվել պատժամիջոցներով և շարունակելու է զարգացնել միջազգային կապերը՝ հենվելով սեփական ժողովրդի և հարևան երկրների հետ համագործակցության վրա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունը խնդիրներ է ստեղծում ոչ միայն Իրանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Փեզեշքիանը Վաշինգտոնին կոչ է արել ուժի կիրառման փոխարեն առաջնորդվել երկխոսությամբ և տրամաբանությամբ։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև շարունակաբար ընդլայնում է հարևան երկրների հետ հարաբերությունները՝ փոխադարձ զարգացման նպատակով։

Վարչապետը կարևորել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ առանձնացնելով էներգետիկ ոլորտում համագործակցության մեծ ներուժը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ձգտում է առավել ընդլայնել այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը։

Leave a Comment