Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողական բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 156 մարդ, այդ թվում՝ 97 ոստիկան, 12 անցորդ և 4 անչափահաս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Էրվին Դեմոյին։
Հոկտեմբերի 13-ից շարունակվող ցույցերի ընթացքում ուսանողներն ու նրանց աջակիցները քարեր, հրավառ միջոցներ և Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ու պետական կառույցների շենքերի ուղղությամբ։ Ցուցարարները ներխուժել են նախարարությունների շենքեր, վնասել խանութների ցուցափեղկերն ու փողոցային կրպակները։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, թե բողոքի ակցիաների հետևում արտաքին միջամտություն կա, որի նպատակն է դանդաղեցնել երկրի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը։
Ուսանողները բողոքում են ուսման բարձր վարձերից, կրթական անբավարար պայմաններից և մասնագիտությամբ աշխատանքի հնարավորությունների բացակայությունից։ Նրանք պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։
Ռաման դատապարտել է ցուցարարների բռնի գործողությունները և հրաժարվել պաշտոնից հեռանալ։
