Ապամոնտաժումից հետո՝ կանաչ բուլվար․ ինչ է նախատեսվում Շինարարների փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապամոնտաժումից հետո՝ կանաչ բուլվար․ ինչ է նախատեսվում Շինարարների փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Շինարարների փողոցում ապօրինի կառույցների ապամոնտաժումից հետո օրակարգում հայտնվել է մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ վիճակում են այդտեղ տարիներ շարունակ բետոնի ու շինությունների մեջ մնացած ծառերը, և ի՞նչ է սպասվում փողոցի կանաչ տարածքներին։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, որ այցելել էր այդ տարածք, վստահեցնում է՝ ծառերի վիճակը մտահոգիչ է, իսկ փողոցը նախատեսվում է ամբողջությամբ վերափոխել՝ նոր կանաչապատմամբ և արժեքավոր ծառատեսակներով.

«Պետք է նշեմ, որ ես շատ ուրախ եմ, որ վերջապես կանաչ տարածքներն այս փողոցում ազատվում են։ Բայց այն իրավիճակին, որին եկա, ականատես եղա, սարսափելի է»։

Բեգոյանի խոսքով՝ ծառերի բները շրջապատված են բետոնով, որոշ հատվածներում ծառերը բառացիորեն հայտնվել են շինությունների ու պատերի մեջ։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում ծառերի բնականոն աճն ու պահպանումը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել.

«Ծառ գոյություն չունի, ամբողջը բետոնի մեջ է։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ ընդդիմադիր հատվածը, որ ժամանակին, կներեք, այսպես աղմկում էին, որ ծառեր են փոխարինվում, այդ փտած ծառերը, ինչո՞ւ այստեղ չէ և ինչո՞ւ չի պաշտպանում այս կանաչ տարածքների շահը։ Շատ հետաքրքիր է»։

Բեգոյանը նաև բարձրացնում է քաղաքային կանաչ տարածքներին վնաս հասցրածների պատասխանատվության հարցը.

«Ես այսպիսի մի հռետորական հարց ունեմ՝ խոսում են փոխհատուցումից, հա՞, այս մարդկանց, այս չգիտեմ՝ ովքեր են սրանց սեփականատերերը։ Ես էլ ուզում եմ խոսել կանաչ տարածքների փոխհատուցումից։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է փոխհատուցեն քաղաքին պատճառված՝ այս կանաչ տարածքներին պատճառված վնասը»։

Մինչև հնարավոր փոխհատուցման հարցի լուծումը, փողոցում նախատեսվում են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։ ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ապագա ծրագրով նախատեսվում է հեռացնել մայթերի ասֆալտը, վերակառուցել մայթերն ու փոխարինել ծառերը՝ ընտրելով արժեքավոր ծառատեսակներ.

«Պետք է նշեմ, որ ուրախ եմ՝ նախատեսվում է այս փողոցի շատ գեղեցիկ վերափոխում։ Ամբողջ մայթերի այս ասֆալտը կհեռացվի, մայթերը շատ գեղեցիկ կկահավորվեն, և այստեղ մենք կիրականացնենք, բնականաբար, ծառերի փոխարինում՝ բավականին թանկարժեք, արժեքավոր ծառատեսակներով, այս իմաստով եմ ասում»։

Արմեն Բեգոյանի խոսքով՝ Շինարարների փողոցը ժամանակին Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է եղել։ Այժմ նպատակ կա վերականգնելու դրա երբեմնի գրավչությունը՝ տարածքին հաղորդելով բուլվարի տեսք։ Նախագծի մշակման շուրջ, նրա փոխանցմամբ, քննարկումներ են եղել նաև «Երևան» նախագծի տնօրենի հետ.

«Ինքը երկշերտ ունի՝ գազոնային հատված, և այսպես, եթե նմանեցնենք, կարող եմ ասել՝ Կենտրոնի Աբովյան փողոցին մի քիչ նման է։ Եվ մենք, կարծում եմ, «Երևան» նախագծի հետ, որովհետև խոսել ենք տնօրենի հետ, այստեղ լրիվ նոր նախագիծ ենք անում, նախագծում են անում։ Ինքը, կարծում եմ, կստանա բուլվարի տեսք՝ փողոցը, և շատ գեղեցիկ վերակառուցելու ենք։ Եվ, բնականաբար, ամբողջ փողոցի ծառերը ենթարկելու ենք փոխարինման»։

Տարածքի վերականգնումը, սակայն, միայն ծառերի փոխարինմամբ չի սահմանափակվելու։ Բեգոյանի խոսքով՝ կանաչապատման աշխատանքները պահանջելու են զգալի ֆինանսական միջոցներ, և ինքը բարձրացնում է նաև այդ ծախսերի փոխհատուցման հարցը։

Բեգոյանը հիշեցնում է՝ փողոցում ժամանակին եղել են ոչ միայն ծառեր, այլև թփեր ու գազոնային հատվածներ։ Նրա խոսքով, դրանք կարևոր նշանակություն են ունեցել նաև շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից՝ նպաստելով փոշու և ավտոմեքենաների արտանետումների նվազեցմանը.

«Այստեղ շատ գեղեցիկ կանաչապատում է եղել ժամանակին։ Մենք դեռ խոսում ենք միայն ծառի մասին։ Դուք հասկանում եք, որ այստեղ եղել են բազմաթիվ այլ ծառեր, եղել են բազմաթիվ բոշորային թփեր, որոնք լուծում են հենց առաջին հերթին այս ավտոների արձակած գազերի կլանման խնդիրը, փոշու կլանման։ Ո՞ւր են այդ թփերը»։

Արմեն Բեգոյանը վստահեցնում է՝ փողոցը գեղեցիկ տեսք է ունենալու և նոր կանաչապատմամբ է ներկայանալու երևանցիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝ Նարինե Ղուկասյան

Leave a Comment