Ադրբեջանը հրաժարվում է անգամ լուսանկարներով ցույց տալ հայ գերիներին․ Սահակյան

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) տրամադրել է բանտային խցերի լուսանկարներ, որտեղ, ի տարբերություն նախկին պրակտիկայի, հայ գերիները բացակայում են, հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հոկտեմբերի 16-ին հայ գերիների վերադարձի թեմայով «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ: Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի 24-25-ից հետո գերիների անմիջական դիտարկում չի իրականացվել, և վերջին տեղեկությունները ստացվել են ՄԻԵԴ-ից։ Ադրբեջանը դատարանին տրամադրել է կալանավայրերի քարտային տվյալներ՝ մուտքի մասին տեղեկություններ, ձերբակալման պահի տեսագրություններ, բժշկական հետազոտությունների արդյունքներ, տեղեկություններ այն մասին, թե որ հաստատություններում և որքան ժամանակ են պահվել գերիները, և ում հետ են նրանք պահվել նույն խցում։

Սահակյանի խոսքով՝ տրամադրված լուսանկարներում չի նշվում, թե որ խցերն են և ինչ կապ ունեն դրանցում պահվող անձանց հետ։ Նախկինում նման լուսանկարներում խցերում երևում էին նաև հայ գերիները, ինչը թույլ էր տալիս որոշակի պատկերացում կազմել նրանց արտաքին վիճակի մասին։

«Այս պարագայում խցերում բացակայում են հայ գերիները, նրանք միտումնավոր հրաժարվել են լուսանկարներ տրամադրելուց»,- ասել է Սահակյանը։ Նրա գնահատմամբ՝ այդ կերպ սահմանափակվում է գերիների ֆիզիկական վիճակի մասին տեղեկատվությունը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը կրում են շարունակական և էնդեմիկ բնույթ։ Հայրենադարձված գերիների ցուցմունքների, բժշկական և հոգեբանական փորձաքննությունների համադրմամբ օբյեկտիվորեն հաստատվում է, որ Բաքվում գտնվելու ընթացքում նրանք ենթարկվել են խոշտանգումների։ Այս փաստերով իրավապաշտպանները շարունակում են միջազգային իրավական գործընթացները։

Սահակյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի և ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) զեկույցների համաձայն՝ Ադրբեջանում խոշտանգումները դարձել են համակարգային ու ներհատուկ գործելակերպ։

«Հաշվի առնելով հայ գերիների խոցելիությունը (էթնիկ, կրոնական և քաղաքական գործոններ)՝ նրանք անխուսափելիորեն ենթարկվում են այդ ճնշումներին»,- ասել է նա։

Չնայած առկա պաշտոնական տվյալներին, թե Շվեյցարիան համաձայնություն էր տվել իրականացնելու հյուպատոսական առաքելություն, Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների հռետորաբանության փոփոխությամբ պատասխանատվությունը փորձ է արվում տեղափոխել երրորդ երկրների վրա։

«Կարծես թե Ադրբեջանի պատասխանատվությունից գնում ենք երրորդ երկրների պատասխանատվություն և ուզում ենք ընդունել այն ցավալի իրողությունը, որ այս երկրագնդի վրա չի հայտնաբերվել մի երկիր, որը ունի մարդասիրական դեմք և ՀՀ-ի հետ ձևավորված այնպիսի հարաբերություններ, որի շրջանակում կստանձներ Հայաստանի անունից Հայաստանի քաղաքացիներին տեսակցելու այս կարևոր մարդասիրական առաքելությունը»,- ասել է նա։

Սահակյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ում պատասխանատվության տիրույթում է այդ հարցը, մարդու իրավունքների առումով այստեղ խնդիրներ կան, իսկ Եվրոպական դատարանին ներկայացված դիմումներում այն ներկայացվել է որպես ինքնուրույն իրավունքի խախտում։

Բաքվում պահվում է առնվազն 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։

Ադրբեջանը 2025 թվականին դադարեցրել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը երկրում։ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որը հասանելիություն ուներ Բաքվում պահվող հայ գերիներին և նրանց կապն էր ընտանիքների հետ։ Կազմակերպության Բաքվի գրասենյակը փակվել էր 2025 թվականի հունիսին։ Դրանից հետո գերիների վիճակի մասին հանրությունը տեղեկանում է միայն դատական նիստերի լուսանկարներից և տեսանյութերից, որոնք հրապարակում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 5-ին դատավճիռ էր կայացրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման, գործով անցնող մյուսները՝ 15-ից 19 տարվա։ Բաքվի վերաքննիչ դատարանն օգոստոսին մերժել էր նրանց բողոքները։

Leave a Comment