Գուտերեշ․ Մինչև 2030-ը պատասխանատվությունը ՀՀ-ն է ստանձնում, որոշում՝ արդյո՞ք բավարար ենք անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում: հայտարարել է, որ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների իրագործման գնահատման հարցում Հայաստանն ու Երևանը կարևոր պատասխանատվություն են ստանձնում։

«Մինչև 2030-ը Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն։ Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում ամբողջ աշխարհում, թե՝ ոչ»,- հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջազգային նշանակության բնապահպանական միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Իր ելույթում Գուտերեշը մտահոգություն է հայտնել մոլորակի էկոհամակարգերին սպառնացող վտանգների վերաբերյալ։ Նրա ներկայացմամբ՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած անկայունությունը, թունաքիմիկատների անվերահսկելի կիրառումը, շրջակա միջավայրի աղտոտումը և ինվազիվ տեսակների տարածումը լուրջ վնաս են հասցնում բնական միջավայրին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայում ավելի քան մեկ միլիոն բուսական և կենդանական տեսակներ հայտնվել են անհետացման վտանգի առաջ, ինչը վկայում է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին։

Գուտերեշն անդրադարձել է նաև «Կունմին-Մոնրեալ» գլոբալ կենսաբազմազանության շրջանակի ընդունումից հետո արձանագրված արդյունքներին։

Նրա փոխանցմամբ՝ պետությունների մոտ 90 տոկոսն արդեն սահմանել է կենսաբազմազանության պահպանության ազգային նպատակներ։ Բացի այդ, 2022 թվականից ի վեր պահպանության տակ գտնվող տարածքներն ընդլայնվել են ևս 1․3 միլիոն քառակուսի կիլոմետր ցամաքային և 6 միլիոն քառակուսի կիլոմետր ջրային տարածքներով։

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ միջազգային մակարդակով արձանագրվող առաջընթացը շարունակում է մնալ անհավասարաչափ և անբավարար՝ սահմանված նպատակներին հասնելու համար։

«Ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը կպաշտպանվի ցամաքի 23%-ը և ջրային տարածքների 12%-ը, ինչը զգալիորեն զիջում է Մոնրեալում ստանձնած «30×30» թիրախին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը դրական է գնահատել նաև գագաթնաժողովի ընթացքում ընդունված Երևանյան հռչակագիրը՝ այն ներկայացնելով որպես կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերի առաջմղման կարևոր հարթակ։

Նա ընդգծել է, որ բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական հանձնառություն, այլև ֆինանսական միջոցների արդյունավետ բաշխում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առանձնահատուկ մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ համաշխարհային ֆինանսական հոսքերի զգալի մասն ուղղվում է բնության պահպանությանը հակասող գործունեության ֆինանսավորմանը։

«Ցանկացած դոլարի դիմաց, որն ուղղվում է բնության պահպանությանը, 30 դոլար ծախսվում է դրա քայքայման վրա։ 2023 թվականին 7.3 տրիլիոն ԱՄՆ դոլար է ուղղվել բնության տեսանկյունից բացասական գործողություններին։ Հանածո վառելիքի սուբսիդավորումն ինքնասպանություն է»,- շեշտեց Գուտերեշը։

Անդրադառնալով ֆինանսավորման անհրաժեշտ ծավալներին՝ նա միջազգային հանրությանը հորդորել է մինչև 2030 թվականը բնահեն լուծումներում իրականացվող տարեկան ներդրումները հասցնել 530 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Գուտերեշը նաև կարևորել է միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխումը՝ բնապահպանական ծրագրերի համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունն ու դրանց նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով։

Ելույթի ավարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուզվել է՝ անդրադառնալով իր պաշտոնավարման ավարտին և այդ ընթացքում իր համար առաջնահերթություն հանդիսացած բնապահպանական խնդիրներին։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունների ավարտին մնացել է 76 օր։

«76 օր է մնացել իմ պաշտոնավարմանը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկն էր պայքարել եռակի մոլորակային ճգնաժամի դեմ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։ Մենք պետք է գործենք հրատապորեն՝ ապահովելու մեր երեխաների և մոլորակի ապագան»,- եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a Comment