Հաջողություններով հանդերձ, Հայաստանում, ցավոք շարունակվում են թե՛ ապօրինի անտառհատումները, թե՛ որսագողության դեպքերը, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք։
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստում:
Նա նաև նշեց, որ այս խնդիրները կառավարելու նպատակով երկու տարի առաջ սկսել են Էկոպարեկային ծառայության՝ էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն այժմ գործում է տասը մարզերից չորսում։ Փաշինյանն ընդգծեց, որ շարունակաբար այն կներդվի մյուս մարզերում ևս:
«Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով։
Մեր անտառները վերականգնվելու շատ մեծ հատկություն ունեն, զուգահեռ մենք իրականացնում ենք և պիտի շարունակենք իրականացնել անտառվերականգնման ծրագրեր, բայց պետք է նաև հասկանանք, որ առանց անտառների պահպանության և մարդկանց շրջանում էկովարքագծի սերմանման շատ դժվար կլինի լուրջ արդյունքների հասնելը»,-ասաց Փաշինյանը։
Նա քաջալերանքի և գոհունակության խոսքեր ասաց այն միջազգային և հասարակական կազմակերպություններին, ովքեր իրենց նվիրել են Հայաստանում անտառվերականգնում կամ անտառահիմնում իրականացնելու գործին։ Ըստ Փաշինյանի, սա շատ կարևոր աշխատանք է և մենք պատրաստ ենք միավորել մեր ջանքերը սիներգիայի հասնելու համար։
«Մեր երկրի համար առանձնահատուկ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը, և մենք դժվար քայլերով, բաց, այնուամենայնիվ, շարժվում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրխնայող համակարգերի և տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է, բայց այստեղ էլ ակնհայտ է, որ ոչ պակաս կարևոր է ջրխնայող մենթալիտետի ներդրումը մեր հանրության շրջանում։
«Նույնը պետք է ասեմ կոշտ թափոնների կառավարման ոլորտի մասին, որտեղ, ցավոք, մեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս։
Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես մարդկանց մտածողության մեջ փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ, և լուծումը այստեղ հետևողականությունն է, շարունակականությունը, և մենք վճռական ենք գնալ հենց նման ճանապարհով»,-ասաց Փաշինյանը։