ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նրա խոսքով, Զելենսկին այն մարդը չէ, որի հետ Միացյալ Նահանգները պետք է գործ ունենա։
«Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Նրանք նրա հետ համաձայնության չեն գա։ Նա չի ցանկանում համաձայնության գալ։ Ասում է, թե ցանկանում է, բայց իրականում չի ցանկանում։ Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ։ Նրանք կործանել են Ուկրաինան», — հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև պատմել է Ուկրաինայից մի երիտասարդ կնոջ հարցազրույցի մասին, որը քննադատել է Զելենսկուն՝ պատերազմի հետևանքների համար։
«Նախագահ Զելենսկին կործանել է մեր երկիրը։ Նա մեզնից խլել է մեր տղամարդկանց։ Մեր տղամարդիկ ոտքեր ու ձեռքեր չունեն։ Շատ դեպքերում նրանք հոգեբուժական հաստատություններում են կամ մահացել են»,- կնոջ խոսքերը մեջբերել է Թրամփը։
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային ռեսուրսների տարբերությանը՝ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը կարող է մեծ կորուստներ կրել՝ շարունակելով պատերազմը։
«Ռուսաստանը հսկայական երկիր է։ Այն կարող է մեկ միլիոն մարդ կորցնել և դեռ միլիոնավոր մարդկանց ունենալ։ Ուկրաինան նման մարդկային ռեսուրսներ չունի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
