Ալբերտ Հովհաննիսյանի հայրը պահանջել է պարզաբանել որդու նկարի հեռացման հարցը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտարարել է, որ մինչ օրս տեղեկություն չունի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտ գտնվող պատից որդու նկարը հեռացնելուց հետո քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին։ Այս մասին նա գրել է Facebook-ում։

Սեպտեմբերի վերջին Հովհաննիսյանը հանդիպել էր քաղաքապետարանի ներկայացուցչի հետ։ Նրանք քննարկել էին նկարը վերականգնելու հնարավոր տարբերակները, սակայն վերջնական որոշում չէին կայացրել։

«Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։ Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք»,- գրել է նա։

Նա ընդգծել է, որ լռությամբ հարցերը չեն փակվում։ «Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»,- հավելել է հերոսի հայրը։

Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը գտնվում էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջ կողմի պատին։ Նկարը հեռացնելուց հետո քաղաքապետարանը հայտնել էր, որ պատը վերանորոգման կարիք ունի՝ քարե շարվածքի քայքայման պատճառով։

Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա հայտնի է դարձել հրետանային կրակ վարելու պահին արված լուսանկարով, որը դարձել է պատերազմի խորհրդանշական պատկերներից մեկը։

Leave a Comment