Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել 2028 թվականի մարտին կամ ապրիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, նախագահին առընթեր իրավական քաղաքականության խորհրդի նախագահ Մեհմեթ Ուչումին։
«Ընտրություններին մնացել է մոտ 18 ամիս։ Այսինքն՝ արդեն մեծապես պարզ է, որ 2028 թվականի ընտրությունները կարող են անցկացվել մարտին կամ ապրիլին»,- ասել է նա։
Ուչումը չի բացառել, որ մինչև ընտրությունները քաղաքական ուժերը կարող են ընդհանուր հայտարարի գալ և սկսել նոր Սահմանադրության մշակումը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած «Թուրքական մեծ համաձայնության» շրջանակում։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում հնարավոր կլինի մշակել նոր Սահմանադրության հիմնական սկզբունքներն ու դրույթները, իսկ 2029 թվականին այն ընդունել և դնել հանրաքվեի։
Թուրքիայում հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Ուչումն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե խորհրդարանը որոշի ընտրություններն անցկացնել Էրդողանի երկրորդ նախագահական ժամկետի ավարտից շուտ, նա հնարավորություն կունենա երրորդ անգամ անընդմեջ առաջադրելու իր թեկնածությունը։
