Եմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել է


Միջազգային


Եմենի միջազգային ճանաչում ունեցող կառավարության անդամները չեն տուժել «Անսար Ալլահ» շարժման (հութինների) կողմից Ադենում գտնվող Ալ-Մաաշիկ նախագահական պալատին հասցված հրթիռային հարվածի հետևանքով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Մուամմար ալ-Էրիանին։

«Վարչապետը և կառավարության բոլոր անդամները լավ են այն բանից հետո, երբ հութինները հինգ հրթիռով հարվածել են Ադենում գտնվող Ալ-Մաաշիկ նախագահական պալատին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ, «Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու պահակ։


Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երկու պայթյուն է տեղի ունեցել Ալ-Մաաշիկ պալատի հարևանությամբ գտնվող բլրի գագաթին, ևս երկուսը՝ անվտանգության ծառայության դարպասների մոտ։


Քանի որ Եմենի մայրաքաղաք Սանան գտնվում է հութինների վերահսկողության տակ, երկրի միջազգային ճանաչում ունեցող կառավարությունը տեղակայված է Ադենում։

Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական ուժերին՝ հութինների դեմ պայքարում, և ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին։ Ի պատասխան՝ հութինները ռազմական գործողություններ են իրականացնում Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքային օբյեկտների դեմ։


Leave a Comment