Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ և քննարկել ադրբեջանա-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆիդանը Բաքու է ժամանել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին մասնակցելու համար՝ ներկայացնելով Թուրքիայի նախագահին։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ լքել են նիստերի դահլիճը, երբ ելույթ է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
Ալիևի և Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի և Բաքվի հարաբերություններում լարվածության ֆոնին։ Դրա պատճառներից մեկը Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումներն են, որոնք քննադատության են արժանացել Թուրքիայում։
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը կոչ է արել Բաքվին վերանայել սահմանափակումները՝ անընդունելի համարելով գլխաշոր կրող աշակերտներին կրթության իրավունքից զրկելը։ Թուրքիայի տարածքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ նաև բողոքի ակցիաներ են անցկացվել։
Հոկտեմբերի 2-ին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն այլ պետությունների օգնության կամ հովանավորության կարիքը չունի։ Իսկ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի քաղաքական ուժերին կոչ էր արել չմիջամտել երկրի ներքին գործերին՝ քննադատելով թուրքական լրատվամիջոցների հրապարակումները և իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների, այդ թվում՝ Սարալի հայտարարությունները։
