ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը


Հասարակություն


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից՝ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությունը։


Խորհրդակցությանը մասնակցող խորհրդարանականները քննարկում են հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերը, ինչպես նաև կազմակերպության պատասխանատվության գոտում և հարակից տարածքներում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։


Մասնակիցները քննարկում են նաև ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համատեղ միջոցները, որոնք պահանջում են դաշնակից պետությունների համախմբված արձագանքը։


Հանդիպման հիմնական ուղղություններից է ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների կատարելագործումն ու ներդաշնակեցումը։


Օրակարգում ներառված են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման իրավական ապահովման, պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում օրենսդրական օրինակելի ակտերի և առաջարկությունների մշակմանը, որոնք հնարավորություն կտան ներդաշնակեցնել անդամ պետությունների իրավական կարգավորումները՝ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։


Leave a Comment