Բարեկարգման ծրագրերի շրջանակում Երևանի Շինարարների փողոցում շարունակվում են ինքնակամ և ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները։
Այսօր էլ ապամոնտաժվեց այս բենզալցակայանը, որը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի համանուն խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը։
Աջափնյակի վարչական ղեկավար Սերոբ Սարգսյանի խոսքով՝ այն ևս ինքնակամ շինություն է․
«Տվյալ բենզալցակայանի մեծ մասը կառուցված է ինքնակամ, և այդ հատվածը՝ շուրջ 68 մ2 ապամոնտաժվում է։ Կարելի է ասել՝ ամբողջությամբ ապամոնտաժվում է բենզալցակայանը։ Շատ փոքր հատված՝ 7 մ2 մնում»։
Բենզալցակայանի պատմությունն սկսվում է դեռևս 1990-ականների կեսերից։
«Սկզբում կառուցվել է այդ փոքր հատվածը, այնուհետև ինքնակամ մեծացվել և դարձել այսպիսի բենզալցակայան»։
Բենզալցակայանի ապամոնտաժումը տեղի է ունենում նաև քաղաքական հայտարարությունների ֆոնին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն օրերս հայտարարել էր, թե Շինարարների փողոցում կրպակների ու խանութների ապամոնտաժմամբ իշխանությունները մի օր հասնելու են նաև «իրենց տներին»։
Այսօր, բենզալցակայանի ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ, տարածք էր եկել նաև Մանուկյանի աներորդու փաստաբանական խումբը։
«Պարոն Հարությունյան, քաղաքապետի համապատասխան որոշումներով, բոլոր իրավական ակտերով տվյալ ինքնակամ շինությունը քանդվում է։ Սա կանաչապատման համար նախատեսված շինություն է»։
Վարչական շրջանը նաև դիմել էր տեսչական մարմնին՝ խնդրելով ուսումնասիրել բենզալցակայանի տեղակայման հանգամանքները։
«Բենզալցակայանը, եթե չեմ սխալվում, նորմերով պետք է 25 մետր հեռավորության վրա գտնվի բնակելի շենքերից։ Գտնվում է մոտ 12 մետր հեռավորության վրա»։
Բնակիչներն, ըստ վարչական ղեկավարի, բազմիցս բարձրաձայնել են խնդիրը՝ առաջարկելով բենզալցակայանը տեղափոխել ավելի անվտանգ վայր․
«Ինձ մոտեցել ու բարձրաձայնել են խնդիրը։ Նրանց երեկ էլ էի խոսք տվել։ Այստեղ մի պապիկ կա․ ասում էինք՝ կգանք ու կքանդենք այն, որովհետև ինքնակամ է կառուցված։ Պապիկը քանդելուց հետո հրավիրեց իրենց տուն՝ սուրճ խմելու։ Կարծում եմ՝ կգնանք»։
Բենզալցակայանի ապամոնտաժումը, սակայն, Շինարարների փողոցի փոփոխությունների միայն մի մասն է։ Քըրքորյան փողոցից մինչև Աբելյան փողոց նախատեսվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ․
«Մայթերը, որոնք անհրաժեշտ է և հնարավոր է լայնացնել, լայնացնելու ենք։ Ամբողջ երկայնքով լինելու է կանաչապատ հատված՝ նոր ծառ ու ծաղիկներով»։
Նպատակն է՝ Շինարարների փողոցը վերածել բարեկարգ ու գրավիչ հանրային տարածքի, որտեղ հաճելի կլինի ոչ միայն շրջանի բնակիչներին, այլև Երևանի մյուս շրջաններից ժամանողներին։ Թեև բարեկարգման ծրագրի ամբողջական պատկերը դեռ առջևում է, այս պահին փոփոխությունների մեկնարկը տրված է։
Մանրամասները՝ տեսանյութում։
