ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին և միջազգային շփումներին, ընդգծել է, որ Հայաստանի քաղաքականությունը որոշվում է սեփական պետական շահերով։
«Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, և մեր պատվիրակությունները պաշտոնական չեն գնալու։ Իմ հայտարարությունից հետո որևէ պաշտոնական պատվիրակություն չի գնացել։ Այո՛, դեմարշ է»,- հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:
Ճեպազրույցի ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև վարչապետի աներորդու՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և տարբեր գործարարների միջև շփումները։
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Հակոբյանի հետ հարաբերությունները կարող են որոշակի առավելություններ կամ գործունեության համար «կանաչ լույս» ապահովել գործարարների համար։
«Ես սրտի օլիգարխ չունեմ ընդհանրապես․ ո՞ւր են իմ միլիոնները։ Մարդիկ հայտարարագիր են լրացնում, եթե հայտարարագրից շեղվող բան կլինի, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ով ուզում է լինի»,- նշել է նա։
Վարչապետը նաև հավելել է, որ զրպարտչական հայտարարությունների դեպքում դիմելու է դատարան և պահանջելու է դրամական փոխհատուցում։
2024-ին Փաշինյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի մեկնի Բելառուս, քանի ոև «ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասել է, որ մասնակցել է 44–օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել է և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը»։
«Բա դրանից հետո ես պետք ա գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ: Ես հայտարարում եմ, որ այսուհետ այլևս Բելառուս չեմ մեկնի։ Քանի դեռ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում է։ Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ընդհանրապես»,-ասել էր նա: