ԳԴ-ն ընթացք է տվել Հայկ Դեմոյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ եկեղեցու դռան փեղկի գնման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանը, Armenia Today-ին հաստատել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դեմոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով գնման առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն։

Նրա պնդմամբ՝ «հայկական եկեղեցու դռան փեղկ» ներկայացված փայտե քանդակը կասկածելի ծագում ու վավերականություն ունի, իսկ գնումն իրականացվել է կոռուպցիոն սխեմայով։ Հաղորդմամբ նա պահանջել է նախաքննություն սկսել, կալանք դնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի վրա և կանխել դռան փեղկի մյուս մասի հնարավոր գնումը։

«Նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը»,- հայտարարել է Դեմոյանը։

Leave a Comment