Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, ով Հայաստանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։
«Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և բարձր գնահատել Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում ՖՄԿ-ի ու անձամբ Գլխավոր քարտուղարի դրսևորած աջակցությունը: Վահագն Խաչատուրյանն արձանագրել է, որ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է:
Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումները, որոնց շնորհիվ բարելավվել է Կազմակերպության գործունեությունը և մեծացել դրա կշիռը միջազգային ասպարեզում:
Անդրադարձ է կատարվել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հետագա ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի կազմակերպական հարցերին:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խորացման և մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին պարգևատրել է Պատվո շքանշանով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լուիզ Մուշիկիվաբոյին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter