Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ իր վերջին հայտարարություններին, ներկայացրել է Տիգրանաշենի և մյուս տարածքների հարցի լուծման իր պատկերացումը։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաշինյանը հեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։ Փաշինյանը, սակայն, երեկ չէր հստակեցրել, թե ինչ տարածքների մասին է խոսքը։
Այսօրվա ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ թե տարածքների մասին է․ նրա խոսքով՝ դա վերաբերում է Քյարքիին (Տիգրանաշեն), Բարխուդարլուին, Սոֆուլուին և Ասկիպարա (Վերին Ոսկեպարի) գյուղերի ու Արծվաշենին։
Նրա խոսքով՝ հնարավոր լուծման հիմնական գաղափարն այն է, որ սահմանազատումից հետո երկու երկրների տարածքներում անկլավներ և էքսկլավներ չլինեն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ նշվածը կազմակերպելը տեխնիկական հարցեր ունի։
Փաշինյանը որպես հնարավոր լուծում առաջարկել է փոխել Արծվաշենի տարածքի տեղադիրքը՝ այն միացնելով Հայաստանի հիմնական տարածքին, որպեսզի բնակավայր հասնելու համար այլևս անհրաժեշտ չլինի հատել Ադրբեջանի սահմանը։
«Կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ։ Այնպես չէ, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք։ Արծվաշենի ու Հայաստանի միջև կա տարածք, որն Ադրբեջանինն է։ Օրինակ, կարող է լինել հետևյալը․ Արծվաշեն գյուղը՝ իր տարածքով, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով տեղաժարժվում է այնքան, որ Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք չմնա։ Բայց գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում մենք, գյուղը, ընդհակառակը, վերստեղծում ենք»,- բացատրել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ նույնն էլ կարող են իրականացնել հակառակ կողմից։
Վարչապետի խոսքով՝ նման լուծման համար նախ անհրաժեշտ է սահմանազատման հիմքում ընկած քարտեզներով հստակեցնել Արծվաշենի տարածքի չափերը, ապա որոշել, թե ինչ ձևով և որտեղ կարող է այն տեղակայվել։ Նա նշել է, որ պետք է հաշվի առնել նաև տեղանքի առանձնահատկությունները, ջրային ռեսուրսների առկայությունն ու հաղորդակցությունները։
Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ առաջարկի մանրամասները դեռ չեն քննարկվել, և դրա իրականացման իրավական ընթացակարգի վերաբերյալ հարցերը բաց են մնում։ Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ որևէ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։
«Այս պահին չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումն այդպիսին է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ առաջարկի մանրամասները դեռ չեն քննարկվել, թեև առանձին հարցերի շուրջ որոշակի խոսակցություններ ընթացել են։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ նաև, թե հնարավոր լուծման իրականացումն արդյոք հանրաքվե կպահանջի։ Վարչապետը նշել է, որ այդ հարցերը իրավական վերլուծության կարիք ունեն, իսկ ինքը ներկայացնում է միայն հնարավոր քաղաքական լուծումը։
Տիգրանաշենի և մյուս տարածքների պատկանելության հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում կրկին ակտիվացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում։
Հայաստանի իշխանությունները սահմանազատման հիմք են ընդունում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը։ Իշխանությունների մոտեցմամբ՝ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ, և դրա կարգավիճակը պետք է հստակեցվի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում։
Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք փորձագետներ վիճարկում են այս մոտեցումը՝ պնդելով, որ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անվտանգային շահերը, տարածքների պատմական պատկանելությունն ու բնակիչների իրավունքները։
Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում՝ Երևանը Հայաստանի հարավային մարզերին և Իրանին կապող միջպետական ճանապարհի անմիջական հարևանությամբ։
Armenia Today-ն Տիգրանաշենից պատրաստած հատուկ ռեպորտաժում ներկայացրել էր բնակիչների մտահոգությունները։ Նրանք պատմել էին, որ սահմանազատման շուրջ անորոշության պատճառով չեն կարողանում վստահությամբ ծրագրել իրենց ապագան, իսկ ոմանք նույնիսկ հետաձգում են տների վերանորոգումը։
Բնակիչները շեշտել էին, որ չեն պատրաստվում հեռանալ Տիգրանաշենից, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են և կառուցել իրենց տները։ Հավելենք նաև, որ Տիգրանաշենի շուրջ անորոշության ֆոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բնակավայրի զարգացման ծրագիր է մշակել։
Կարդացեք նաև՝
«Չգիտես՝ քո՞նն է, թե՞ ոչ»․ ինչպե՞ս է Տիգրանաշենն ապրում անորոշության պայմաններում
