Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և TRIPP-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հեռանկարները և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման ընթացքը, հայտնում են կառավարությունից։

Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի հիմնական նպատակն է անվանել։

«Մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»,- ասել է նա։

Փաշինյանը հոկտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ իր առջև խնդիր է դրել հասնել համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը մինչև 2031 թվականը։

Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և ընդգծել այդ գործընթացում Փաշինյանի անձնական ներդրումը։ Նա բարձր է գնահատել նաև Հայաստանի դիվանագիտական աշխատանքը։

«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում»,- ասել է Գուտերեշը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքը և կարևորել այն տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ու փոխգործակցության խթանման տեսանկյունից։

Leave a Comment