Ռուսաստանը դեռևս TRIPP («Թրամփի ուղի») նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել, որը Հայաստանի տարածքով պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջան կատարած այցի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Առայժմ մենք որևէ դիմում չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի անունը կրող տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Բայց բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն մեր հնարավորությունների և մեր պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Հայաստանում աշխատում է կոնցեսիոն համաձայնագրի շրջանակում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցով։ Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը ծանոթ է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքին և իրականացնում է դրա տեխնիկական սպասարկումը։
Լավրովը նաև հանդես է եկել «3+3» տարածաշրջանային ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումներն անցկացնելու օգտին։ Ձևաչափը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան հաջորդ հանդիպումն ընդունող երկրի շուրջ։ Լավրովն առաջարկել է այն անցկացնել Բաքվում, իսկ հաջորդ հանդիպումը՝ Երևանում։
«Այս ձևաչափն իրականում համապարփակ է։ Այն նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել ընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափին։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հաստատել է Մոսկվայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատրաստ է ուսումնասիրել TRIPP-ին միանալու տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» փորձը։ 2026 թվականի հունվարին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ դրա համար Մոսկվան պետք է ծանոթանա նախագծի իրականացման մանրամասներին։
Ապրիլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը նախատեսում են երրորդ երկրներին ներգրավել TRIPP-ի ենթակառուցվածքների կառուցման և հետագա կառավարման աշխատանքներում։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ նախագիծը երկկողմ բնույթ ունի։
