32 տարեկանում՝ վերջին շանսը. ինչպե՞ս կամավորությունը Մարտուն Գաբոյանին Բուդապեշտից բերեց Վանաձոր․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչը կարող է դրդել Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, հարմարավետ կյանքով ապրող, կայացած մասնագետին մի օր հավաքել ճամպրուկները և տեղափոխվել ոչ թե աշխույժ ու հնարավորություններով լի Երևան, այլ՝ Վանաձոր։

Մարտուն Գաբոյանի պատմությունը ռոմանտիկ հայրենասիրական հեքիաթ չէ. այն չունի վարդագույն ակնոցներ, բայց ունի մի շատ կարևոր բանալի, որը հաճախ թերագնահատվում է՝ կամավորությունը որպես կյանքի շրջադարձային կետ։

«Գնացքը մեկնում էր». վերջին հնարավորությունը

Մարտունը Հունգարիայում էր հայտնվել դեռ 90-ականների սկզբին՝ մանկահասակ տարիքում։ Տարիներ շարունակ նա Հայաստան էր գալիս սովորական «զբոսաշրջիկ-բարեկամի» կարգավիճակով։ Սակայն 32 տարեկանում նրա կյանքում մի պահ եկավ, երբ նա հասկացավ՝ ժամանակը սպառվում է։ Պատճառը «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի տարիքային սահմանափակումն էր (մինչև 32 տարեկան)․ «Ասի՝ պիտի շուտ փորձեմ, գնամ. սա իմ վերջին շանսն է, որովհետև մի քանի ամսից դառնալու էի 33։ Չէի ուզում բաց թողնել ու հետո ողջ կյանքում փոշմանել»,— խոստովանում է Մարտունը։

Այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Կամավորությունը դարձավ այն կամուրջը, որը ջնջեց «դրսի հայ» և «տեղացի» անջրպետը։ Օֆիսային աշխատանքից հետո նա գյուղերում (Դսեղ, Դեբետ, Վահագնի) դպրոցներ ու տներ էր վերանորոգում՝ անելով ծանր ֆիզիկական աշխատանք։ Հետո միացավ AVC-ին (Հայ կամավորների միությունը)։ Դա փորձաշրջան էր՝ սեփական մաշկի վրա զգալու իրական, ոչ ցուցադրական Հայաստանը։

Ոչ թե Երևան, այլ Վանաձոր. ինտրիգային ընտրությունը

Երբ եկավ վերջնական որոշման պահը, շատերը սպասում էին, որ եվրոպական մայրաքաղաքից եկած երիտասարդը կհաստատվի Երևանում։ Բայց Մարտունը մայրաքաղաքում մնաց ընդամենը մի քանի օր, գնացք նստեց ու մեկնեց Վանաձոր, տուն վարձեց և արդեն մեկ տարուց ավելի է՝ ապրում է այնտեղ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա փնտրում էր ոչ թե աղմուկ ու «շուխուր», այլ մաքուր օդ, սարեր, հանդարտ ռիթմ և իրական կյանք։ Աշխատանքն էլ իր հետ բերեց. միջազգային ընկերության հաճախորդների սպասարկումն անում է առցանց՝ Վանաձորի իր բնակարանից։

Իրականության ապտակը. առանց ֆիլտրերի Հայաստանը

Մարտունը չի խուսափում խոսել խնդիրներից։ Այն ամենը, ինչ եվրոպացու կամ սփյուռքահայի համար կարող էր դառնալ «հիասթափվելու և հետ փախչելու» պատճառ, նրա համար դարձել է սթափ դիտարկում.

  • «Դուք ռո՞ւս եք». չնայած Մարտունը սահուն հայերեն է խոսում, Վանաձորի խանութներում ու դեղատներում նրան համառորեն ռուսերեն են պատասխանում՝ կարծելով, թե արտասահմանցի է։
  • Հերթ կանգնելու «արվեստը». բանկոմատների մոտ անձնական տարածության բացակայությունն ու խանութներում իրար հրելով առաջ անցնելը դեռևս անհասկանալի մշակույթ են նրա համար։
  • Ճանապարհային «կամիկաձեները». Մարտունի խոսքով՝ Հայաստանում վարելու կուլտուրան աղետալի է. «Կարծես բոլորն ուզում են ինքնասպան լինել ու կողքիններին էլ սպանել»։

Բայց այստեղ է թաքնված ամենամեծ պարադոքսը. չնայած այս ամենին՝ նա չի փոշմանել և չի պատրաստվում հեռանալ։

Մարտուն Գաբոյանի օրինակը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն. առանց «Դեպի Հայքի» ու AVC-ի նման կառույցների՝ հայրենադարձությունը կմնար միայն վերացական կոչերի մակարդակում․ «Եթե մարդը մտածում է իր երկրի մասին, գոնե մի քանի ամսով պիտի գա կամավորության։ Եթե վերջում որոշի, որ չի կարող այստեղ ապրել՝ գոնե փորձած կլինի։ Բայց եթե չգա, միշտ փոշմանելու է»,- ասում է Մարտունը։

Leave a Comment