Արամայիս Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի ԱԱ-ի բրոնզի համար

Հայաստանի ներկայացուցիչ Արամայիս Հարությունյանը (130 կգ) մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 5։5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մազաիմ Մադրանովին և բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացել։

Հարությունյանը պարտվում էր 0։5 հաշվով, սակայն կարողացել է հավասարեցնել հաշիվը և հաղթել վերջին միավորը վաստակելու շնորհիվ։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհար Ուզարովը։

Ավելի վաղ մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանն արծաթե մեդալներ էին նվաճել ։

Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Leave a Comment