Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալվել է 7950 մարդ, որոնց 85%-ն անչափահաս է, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարության տվյալներին։
Հոկտեմբերի 13-ի ժամը 17։00-ի դրությամբ ձերբակալվածներից 6773-ն անչափահաս է, 1177-ը՝ չափահաս։ Նրանցից 26-ը կալանավորված է։
Ընդհանուր առմամբ, 2735 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 2225-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային միջոցներ, այդ թվում՝ նախազգուշացում, վնասի փոխհատուցման պարտավորություն և որոշ վայրեր այցելելու արգելք։ Եվս 1263 գործ կարճվել է։
BFMTV-ն համեմատության համար նշում է, որ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի առաջին ամսվա ընթացքում ձերբակալվել էր շուրջ 4000 մարդ։
Ֆրանսիայում դպրոցականները մի քանի շաբաթ է՝ բողոքում են դասացուցակների ծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։
Հոկտեմբերի 13-ին Փարիզում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, իսկ հոկտեմբերի 6-ին՝ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։
Շարժումը տարածվել է նաև Ֆրանսիայից դուրս։ Բելգիայում ուսանողական բողոքի ակցիաները հոկտեմբերի 9-ին համընկել են համազգային գործադուլի հետ։ Բրյուսելում ակցիային մասնակցել էր մոտ 30 000 մարդ, ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել էր 21 մարդ, այդ թվում՝ 13 անչափահաս։
