Ստամբուլում ձերբակալել են Ինտերպոլի կողմից հետախուզվող կրիպտոգործարարին

Ստամբուլում ձերբակալել են HEX և PulseX կրիպտոարժութային նախագծերի ամերիկացի հիմնադիր Ռիչարդ Ջեյմս Շուլերին, որը հայտնի է որպես Ռիչարդ Հարթ։ Նա միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի միջոցով, հայտնում է Forbes Türkiye-ն։

Ըստ պարբերականի՝ գործողությունն իրականացրել են Թուրքիայի հետախուզական ծառայությունն ու Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումները։ Մի քանի ամիս տևած հսկողությունից հետո իրավապահները Շուլերին հայտնաբերել են Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հսկվող բնակելի համալիրում։ Նրա հետ ձերբակալվել է նաև կինը։

Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են տարբեր արժույթներով կանխիկ գումար, պատվերով պատրաստված 53 Rolex, 11 Patek Philippe և ևս 24 թանկարժեք ժամացույց, ինչպես նաև զարդեր։

Բնակարանում հայտնաբերվել են նաև չորս հրացան, երեք ատրճանակ, յոթ պահունակ, 1360 փամփուշտ և դաշույն։

Իրավապահները հայտնաբերել են նաև կրիպտոարժույթներով գործարքներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ կրիպտոարժույթի արդյունահանման սարքեր և հովացման համակարգեր։ Առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, տեսաքարտեր, տվյալների պահպանման սարքեր և անօդաչու թռչող սարքեր։

Կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետներն ուսումնասիրում են կրիպտոարժույթների պահպանման ֆիզիկական սարքերն ու գաղտնագրված տվյալները՝ փորձելով պարզել շուրջ 1,5 մլրդ դոլարի մնացած միջոցների գտնվելու վայրը։

Հարթը հայտնի է որպես HEX և PulseX կրիպտոարժութային նախագծերի հիմնադիր։ 2019 թվականին նա գործարկել է HEX-ը՝ ներդրողներին խոստանալով տարեկան 38% եկամտաբերություն՝ իրենց կրիպտոարժույթը որոշակի ժամկետով արգելափակելու դիմաց։

Ավելի ուշ PulseX նախագիծը ներգրավել է ավելի քան 1 մլրդ դոլար, թեև վերլուծաբանները նախազգուշացրել էին, որ այն կարող է ֆինանսական բուրգ լինել։

2023 թվականի հուլիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայց էր ներկայացրել Շուլերի դեմ՝ նրան մեղադրելով չգրանցված արժեթղթերի վաճառքի և ներդրողների առնվազն 12,1 մլն դոլարն անձնական նպատակներով ծախսելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ այդ միջոցներն օգտագործվել են նաև թանկարժեք իրեր գնելու համար։ Դրանց թվում էր The Enigma անվանումով 555,55 կարատանոց սև ադամանդը, որը Հարթը 2022 թվականին Sotheby’s աճուրդում ձեռք էր բերել շուրջ 4,3 մլն դոլարով։

2006 թվականին ադամանդը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն հղկված ադամանդներից մեկը։ Մինչև աճուրդում վաճառվելը այն ավելի քան 20 տարի պահվել էր մասնավոր հավաքածուում։

2025 թվականի փետրվարին ԱՄՆ դատարանը մերժել էր SEC-ի հայցը՝ այն քննելու իրավասության բացակայության պատճառով։ Այդ որոշումը չէր նշանակում, որ դատարանը գնահատել և հերքել էր մեղադրանքների հիմնավորվածությունը։

Շուլերի նկատմամբ առանձին քննություն էր իրականացրել նաև Ֆինլանդիան։ Նրան կասկածում էին առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և հարձակման մեջ։

Forbes Türkiye-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին Ինտերպոլը գործարարի նկատմամբ հրապարակել էր կարմիր ծանուցում։

Ինտերպոլի կարմիր ծանուցումը տարբեր երկրների իրավապահ մարմիններին ուղղված պահանջ է՝ հայտնաբերելու և ժամանակավորապես ձերբակալելու հետախուզվող անձին՝ հետագայում նրան արտահանձնելու կամ օրենքով նախատեսված այլ ընթացակարգ իրականացնելու նպատակով։

Այն հրապարակվում է ազգային ձերբակալման որոշման կամ դատարանի վճռի հիման վրա։ Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում անձին ձերբակալելու հարցը՝ իր օրենսդրության համաձայն։

Leave a Comment