Գազան՝ հայ լուսանկարչի աչքերով․ Գեղամ Ճեղալյանի ցուցահանդեսը Բրիստոլում

Հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 15-ը Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում՝ Bristol Photo Festival 2026-ի շրջանակում, կկայանա հայ լուսանկարիչ Գեղամ Ճեղալյանի՝ Գազայի կյանքը շուրջ 40 տարի վավերագրող լուսանկարների ցուցահանդեսը, հայտնում են փառատոնի պաշտոնական կայքից։

Photo Kegham ցուցադրությունում ներկայացված կլինեն Գազայի բնակիչների դիմանկարներ, ընտանեկան տոնակատարությունների և քաղաքի առօրյա կյանքի լուսանկարներ։ Այն տեղի կունենա Albion Dockside տարածքում՝ եգիպտական Photopia կազմակերպության հետ համագործակցությամբ և Բրիտանական խորհրդի աջակցությամբ։

Ճեղալյանը ծնվել է 1915 թվականին՝ Անատոլիայում և մանուկ հասակում փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը փախել է նախ Սիրիա, ապա Պաղեստին։ Լուսանկարիչը 1944 թվականին, ամուսնանալով Զվարթ Նաքաշյանի հետ, տեղափոխվել է Գազա և բացել քաղաքի առաջին լուսանկարչատունը՝ Photo Kegham-ը։ Նա Գազայի կյանքը նկարահանել է մինչև իր մահը՝ 1981 թվականը։

Ցուցահանդեսի հիմքում երեք տուփի մեջ պահպանված լուսանկարներն են, որոնք լուսանկարչի թոռը՝ արվեստագետ և հետազոտող Գեղամ Ճեղալյան կրտսերը, 2018 թվականին գտել է Կահիրեում՝ իր հոր բնակարանում։ Գազայում մնացած արխիվի մյուս մասի ճակատագիրն անհայտ է։

Ցուցահանդեսը նախկինում ցուցադրվել է Կահիրեում, իսկ 2026 թվականի մայիսից սեպտեմբեր՝ Մարսելի լուսանկարչական կենտրոնում։ Կահիրեում և Փարիզում աշխատող Ճեղալյան կրտսերի համար այս նախագիծը դարձել է այն վայրի պատմության հետ կապը վերականգնելու միջոց, ուր նա այլևս չի կարող վերադառնալ

Leave a Comment