Անկլավների խնդիրը. ինչ կփոխանակեն Հայաստանն ու Ադրբեջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկլավների խնդիրը. ինչ կփոխանակեն Հայաստանն ու Ադրբեջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկլավների և էքսկլավների հարցը կարող է լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում տարածքների փոխանակման սկզբունքով. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։

Ըստ էության՝ Հայաստանն առաջին անգամ ներկայացնում է անկլավների հարցի լուծման իր տարբերակը։ Իսկ որքանո՞վ է տարածքների փոխանակումն իրատեսական, և ի՞նչ իրավական ու գործնական հարցեր պետք է լուծվեն այն կյանքի կոչելու համար։

Փորձագետ Սամվել Մելիքսեթյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն փոխանակվող տարածքների մակերեսները, այլև դրանց ռազմավարական նշանակությունը, ճանապարհային կապերն ու տարածքային փոփոխությունների իրավական հետևանքները.

«Ադրբեջանականների գումարը համարյա վեց քառակուսի ավելի մեծ է, քան՝ Արծվաշենինը։ Այսինքն՝ բացի անկլավների փոխանակումից, պետք է հողային այլ փոխհատուցում էլ լինի, որպեսզի երկրների տարածքների մակերեսները նույնը մնան»։

Քաղաքագետը նկատում է՝ փոխանակման տարբերակին համաձայնվելու դեպքում կողմերը պետք է որոշեն՝ որ տարածքը որի դիմաց է փոխանցվելու, ինչպես է պահպանվելու փոխադարձության սկզբունքը։

Ընդ որում՝ տարածքների իրավական կարգավիճակի փոփոխությունը չի կարելի նույնացնել դրանց փաստացի վերահսկողության հետ։ Մելիքսեթյանի խոսքով՝ Արծվաշենը ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ է, սակայն դա ինքնին չի նշանակում, որ դրա՝ Ադրբեջանի տարածք լինելը իրավական առումով արդեն վերջնականապես ձևակերպված է։

Նրա գնահատմամբ՝ խոշոր տարածքային փոխանակումը չի կարող ինքնաբերաբար համարվել սահմանազատման տեխնիկական գործընթացի մաս։

Հնարավոր է՝ այստեղ անհրաժեշտ լինի առանձին միջպետական պայմանագիր, իսկ տարածքային փոփոխությունների սահմանադրական կարգավորումները կարող են առաջ բերել նաև հանրաքվեի հարց.

«Կա, իհարկե, տարբերակ, որ դա կարող է հատուկ միջպետական պայմանագրերով լինել, բայց այնուամենայնիվ տարածքի փոփոխությունը՝ որպես սկզբունք, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ենթադրում է նաև հանրաքվեի ինստիտուտ։ Եվ կարծում եմ, որ այս դեպքում հանրաքվե պետք է լինի»։

Բայց խնդիրը չի սահմանափակվում միայն հայտնի անկլավներով։ Սահմանային որոշ հատվածներում ճանապարհներն անցնում են հարևան պետության տարածքով՝ մի քանի անգամ հատելով սահմանը։

«Եթե դուք հիմա գնում եք Կիրանցից Ոսկեպար, դուք չորս անգամ հատում եք Ադրբեջանի նախկին սահմանը։ Այդ տարածքը եռանկյունին է՝ այսպես կոչված Ոսկեպարի։ Ինքը՝ Ադրբեջանի խորհրդային տարածք է, և գետի հակառակ կողմը Հայաստանի տարածքն է, որով անցնում է Ադրբեջանի ճանապարհը՝ իր գյուղերի հետ։ Եվ մինչև հիմա այդ հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է»։

Սահմանների խորհրդային շրջանի գծին վերադառնալու դեպքում սա կարող է հաղորդակցային լուրջ դժվարություններ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»։

Տավուշի հատվածում ճանապարհների հասանելիության հարցը կարևոր է երկու երկրների սահմանամերձ բնակավայրերի համար։ Հետևաբար, ըստ փորձագետի, հնարավոր լուծումը պետք է ներառի ոչ միայն անկլավների փոխանակումը, այլև ճանապարհների և տարածքային կապերի ամբողջական վերանայումը.

«Նույնը կա Իջևանից դեպի Ղազախ գնացող հատվածում։ Անկլավից հետո Հայաստանի տարածք է, հետո՝ ադրբեջանական գյուղ է, հետո էլի Հայաստանի տարածք է, հետո՝ Ադրբեջանի տարածք է։ Ու այդ ադրբեջանական գյուղը, որ կա՝ հիմա Բալաջաֆարլու, ինքը կապը պահում է Ադրբեջանի հետ այն տարածքով՝ Վազաշեն գյուղի, որը Ադրբեջանը օկուպացրել է 1991–92 թվականներին։ Եթե մենք վերադառնում ենք խորհրդային շրջանի սահմաններին, այդ գյուղը նույնպես դառնում է Ադրբեջանից մեկուսացված»։

Այնպես որ, սահմանազատման կանոնակարգով նախատեսված սահմանի առանձին հատվածների ճշգրտումը և մեծ տարածքների փոխանակումը տարբեր գործընթացներ են։ Սահմանի որոշ հատվածների ճշգրտումը կարող է օգնել լուծելու ճանապարհների և հաղորդակցության հետ կապված խնդիրները։ Իսկ ամբողջական տարածքներ փոխանակելու համար անհրաժեշտ են առանձին իրավական որոշումներ և հստակ պայմանավորվածություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment