Ավստրալիացի խորեոգրաֆ Ջեյմս Միտչալ Ֆենվիքը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է հայկական մշակույթին ու ավանդույթներին նվիրված Born From Culture | Armenia պաշտոնական տեսանյութը, հայտնում են նախագծի էջերից։
Տեսանյութում հնչում է A$AP Rocky-ի և Skepta-ի Praise the Lord (Da Shine) ստեղծագործությունը, իսկ նկարահանումներին մասնակցել են Հայաստանի պետական պարի համույթի արտիստները։ Նախագիծն իրականացվել է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Տեսաշարում Արարատ լեռն է, Էջմիածինը, Խոր Վիրապ վանքը և Զվարթնոց տաճարը։ Հերոսների թվում են նաև հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, խաչքարագործ Նարինե Փոլադյանը և քանոնահար Էմմի Բալասյանը։
«Մենք ուզում էինք, որ յուրաքանչյուր կադրում անսխալ ճանաչվի Հայաստանը»,- գրել են տեսանյութի հեղինակները՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր օգնել են իրենց ծանոթանալ հայկական պատմությանը, վարպետությանն ու մշակույթին։
Born From Culture-ը Ֆենվիքի և նրա Level Six ստուդիայի ֆիլմերի միջազգային շարք է, որը տարբեր ժողովուրդների մշակույթը ներկայացնում է պարի և ժամանակակից տեսողական լեզվի միջոցով։ Շարքը սկսվել է սամոական պարի մասին ֆիլմով, միջազգային ճանաչում է բերել Վրաստանում նկարահանված թողարկումը, այնուհետև թողարկվել է Նոր Զելանդիայի մաորիների մշակույթի մասին ֆիլմը։ Հայաստանը դարձել է պաշտոնական շարքի հաջորդ երկիրը։
Ֆենվիքը Level Six ստուդիայի հիմնադիրն ու ռեժիսորն է, նա աշխատում է նաև փարիզյան Crazy Horse կաբարեի հետ։
Ձևաչափը ոգեշնչել է տարբեր երկրների անկախ հեղինակների ստեղծել սեփական տարբերակներ՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում, Ղրղզստանում և այլուր։
Դրանց թվում է նաև հայկականը. 2026 թվականի օգոստոսին ռեժիսոր և օպերատոր Ավո Հարությունյանի գլխավորած Black Flight թիմը ներկայացրել էր Future-ի Mask Off ստեղծագործության ներքո տեսանյութ, որը միավորում էր ազգային պարերը, տարազները և Հայաստանի պատմական վայրերը։
