Հայկական Krisp-ը երկրորդն է ԱԲ ընկերությունների վստահելիության վարկանիշում

Հայաստանում հիմնադրված Krisp ընկերությունը 100 հնարավորից 97 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Cybernews պարբերականի՝ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերությունների վստահելիության վարկանիշում։ Այս մասին նշված է AI Trustworthiness Ranking 2026-ում։

Վարկանիշն ընդգրկում է 36 երկրի 500 ընկերություն։ Cybernews-ի աղյուսակում Krisp-ը ներկայացված է որպես ամերիկյան ընկերություն, քանի որ նրա գլխավոր գրասենյակն ԱՄՆ-ում է։

Առաջին տեղում Google-ն է՝ Gemini ծառայությամբ, որը նույնպես ստացել է 97 միավոր։ Krisp-ն ու Google-ը չորս անվտանգության, տվյալների պաշտպանության և կազմակերպական թափանցիկության համար ստացել են 100-ական, հանրային ընկալման համար՝ 91-ական միավոր։

Վարկանիշը կազմելիս Cybernews-ն ուսումնասիրել է ընկերությունների անվտանգության միջոցների, գաղտնիության քաղաքականության և գործունեության թափանցիկության մասին հանրամատչելի տեղեկությունները, ինչպես նաև Trustpilot և G2 հարթակներում օգտատերերի կարծիքները։ Տվյալների պաշտպանությունն ու հանրային ընկալումը կազմում են վերջնական գնահատականի 35-ական տոկոսը, անվտանգությունը՝ 20, կազմակերպական թափանցիկությունը՝ 10%-ը։

Գնահատականն արտացոլում է ընկերությունների վստահելիության՝ հրապարակային աղբյուրներով ստուգելի հատկանիշները։ Մասնավորապես, հեղինակները ստուգում են տվյալների օգտագործման կանոնների հրապարակումը, անվտանգության հավաստագրերի, խոցելիությունների մասին տեղեկացնելու ծրագրի և կոնտակտային տվյալների առկայությունը։

Krisp-ն արհեստական բանականության հիմքով լուծումներ է մշակում՝ ֆոնային աղմուկը ճնշելու, ձայնային կապի որակը բարելավելու և աշխատանքային հանդիպումների ընթացքն ավտոմատացնելու համար։ Ընկերությունը հիմնադրվել է Երևանում՝ 2017 թվականին, հիմնադիրներն են Դավիթ Բաղդասարյանն ու Արտավազդ Մինասյանը։

Հայաստանում նաև իրականացվում է ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվարկների համար ենթակառուցվածքի ստեղծման նախագիծ՝ Firebird AI-ի և NVIDIA-ի մասնակցությամբ։ Կառավարությունը հայտարարել է ԱԲ հաշվարկների համար 25 մլն դոլարի ներդրման մասին։

Leave a Comment