Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը COP17-ի շրջանակում պանելային քննարկմանը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանի կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները դարձել են հակամարտության թիրախ և ազդեցության լծակ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ռազմական գործողությունները վնասել են Արծվաբերդի, Շիկահողի և Ջերմուկի անտառային տարածքները։ Մանուկյանը նաև նշել է, որ Հայաստանի տարածքների և ջրային ավազանները սնուցող հատվածների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը բնակիչներին զրկել է ոռոգման ու խմելու ջրից։

Պատգամավորն Ադրբեջանի ղեկավարության՝ Սևանա լիճն ադրբեջանական անվանումներով կոչելը գնահատել է որպես Հայաստանի էկոհամակարգերի թիրախավորում և ծավալապաշտական հռետորաբանության դրսևորում։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև կոնֆլիկտների պատճառ, թիրախ, ինչպես նաև ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»,- ասել է Մանուկյանը։

COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Մասնակիցները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության միջազգային պարտավորությունների կատարումն ու բնական ռեսուրսների պաշտպանության հետագա քայլերը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին վավերացրել էր COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը։ Քննարկման ընթացքում ընդդիմությունը քննադատել էր բյուջետային միջոցների ծախսումը։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները բարձրաձայնել էին գնումների ոչ թափանցիկ ընթացակարգերի ռիսկերի, կապալառուներին խոշոր կանխավճարների և ուռճացված գների մասին։

Leave a Comment