Աթենքում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը՝ ավելի քան 170 նմուշով – armeniatoday.am

Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 19-ին կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ավելի քան 170 նմուշ, հայտնում է հունական Athinorama պարբերականը։

Ցուցադրությունը կներառի Հայաստանի պատմությունը քարե դարից մինչև 4-րդ դարում քրիստոնեության ընդունումը։ Այցելուները կկարողանան հետևել տարածաշրջանի հնագույն մշակույթների զարգացմանը պալեոլիթի, բրոնզի և վաղ երկաթի դարերում, ինչպես նաև արխայիկ, դասական, հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջաններում։ Հատուկ ուշադրություն կդարձվի Ուրարտական թագավորությանը և Հին Արևելքի ու Միջերկրականի այլ քաղաքակրթությունների հետ նրա կապերին։

Հայաստանից բերված նմուշների թվում են մ.թ.ա. 23-22-րդ դարերի արծաթե ծիսական մարտական կացինը և մ.թ.ա. 1-ին դարի ոսկե գդալը։ Ցուցադրության մեջ կներառվեն նաև Լճաշենից, Թոլորսից, Քարաշամբից, Սիսիանից և Արտաշատից հայտնաբերված հնագիտական գտածոներ։

Հունական կողմը ցուցահանդեսը կլրացնի մ.թ.ա. 7-րդ դարի բրոնզե վահանով, որը հայտնաբերվել է Կրետեի Իդայան քարանձավում և պահվում է Հերակլիոնի հնագիտական թանգարանում։

Ակրոպոլիսի թանգարանի տվյալներով՝ ցուցահանդեսը կմիավորի մոտ 200 հնագույն առարկա և կտեղակայվի ժամանակավոր ցուցադրությունների սրահում։ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի խոսքով՝ հայկական մասը կկազմի ավելի քան 170 նմուշ, որոնք Աթենքում կներկայացվեն երեք ամիս։ Ցուցահանդեսի հետ նախատեսվում է հրատարակել նաև պատկերազարդ գիրք։

Նախագիծը Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է։ Համապատասխան հուշագիրը հաստատությունների ղեկավարները ստորագրել են 2026 թվականի փետրվարին՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան այցի ընթացքում։

Այդ ժամանակ Ակրոպոլիսի թանգարանը հայտարարել էր ցուցահանդեսի մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը հայկական ժառանգությանն ավելի հաճախ ծանոթանում է քրիստոնեական մշակույթի միջոցով, մինչդեռ երկրի նախաքրիստոնեական պատմությունը քիչ հայտնի է։ Նոր նախագիծը կոչված է այդ ժամանակաշրջանը ներկայացնելու լայն պատմական համատեքստում։

Leave a Comment